
Արդյոք ընդդիմադիր ուժերը հավատում են ՀՀ նախագահի այս հավաստիացումներին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Բավականին ժամանակ է, որ եվրոպական ամենատարբեր ամբիոններում, նաեւ ԵԺԿ-ում դիտորդի անդամի կարգավիճակ ստանալիս, Սերժ Սարգսյանը շատ կատեգորիկ հայտարարում է այդ մասին, եւ, բնականաբար, ես ենթադրում եմ, որ դրանք հայտարարություններ են, որոնցով նա ինքն իր վրա լուրջ պատասխանատվություն է դնում: Իշխանական ուժը` այդ կոալիցիա կոչվածը, գիտենք, որ Հայաստանում, ըստ էության, ֆոն է մեկ անձի համար, իսկ այդ մեկ անձը միշտ ՀՀ նախագահն է. այդպես է եղել այս 20 տարիների ընթացքում: Իհարկե, այն, ինչ Հայաստանում արվում է փաստացի, եւ այն, ինչ հայտարարվում է դե յուրե՝ հատկապես եվրոպական ամբիոններից, խորը հակասությունների մեջ են, եւ ես չեմ տեսնում, որ այս քայլով իսկապես հնարավոր է իրականացնել այն, ինչի մասին Սերժ Սարգսյանը հայտարարում է»:
«Ժառանգության» ներկայացուցչն իր այս դիտարկումը փաստարկեց կոնկրետ օրինակներով՝ Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված խորհրդարանական բուռն բանավեճերը, 41 մեծամասնական տեղերի հետ կապված խնդիրը, որը Ռուբեն Հակոբյանի մատուցմամբ՝ «քաղաքական դոպինգ է իշխանության համար խորհրդարանում 41 ավելի տեղ ունենալու նպատակով», նաեւ քվեարկողների ցուցակների հրապարակայնության առնչությամբ ընդդիմության դեմ իշխանությունների ծավալած «դաժան պատերազմը», որով վերջիններս հասան այն բանին, որ քվեարկողների ցուցակները չհրապարակայնացվեն, «որովհետեւ 600-800 հազար ընտրողներ բացակայում են Հայաստանից, եւ հիմնական լցոնումները, որոնք հասնում են մի քանի հարյուր հազարի, կատարվում են հենց այս բացակայող քաղաքացիների հաշվին: Երեւի հիշում եք, որ անցած ընտրություններում եղան տեղամասեր, որտեղ ընտրություններին մասնակցել էր ընտրողների մինչեւ անգամ 140 տոկոսը»:
Կարդացեք նաև
«Իհարկե, ուրախ կլինեմ, եթե սխալված լինեմ, բայց գործնականում դա չեմ տեսնում: Մանավանդ Սերժ Սարգսյանի այն թիմում, որը խոսում է ընտրությունների մասին, որոնց հետ նաեւ տարբեր առիթներով բախտ եմ ունեցել բանավիճելու, տեսնում եմ, որ բացարձակապես այդ կամքը չկա»,- հավելեց Ռուբեն Հակոբյանը:
Նաիրա Մամիկոնյան
Ռուբեն Հակոբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի մարտի 9-ի համարում


















































