
«Վաղ ժամանակներից մաթեմատիկան կարեւոր նշանակություն է ունեցել քաղաքակրթությունների զարգացման, մարդկային մտածողության, անգամ` գեղագիտական եւ ազգային արժեքների ձեւավորման գործում: Այդ առումով այսօր իրավունք չունենք մատների արանքով նայել մաթեմատիկական կրթությանը, որովհետեւ մենք ունենք խելացի երեխաներ, բայց նրանք հաճախ ընտրում են դրսից առաջարկվող լավ ճանապարհը»,- նշեց Հ. Միքայելյանը եւ հավելեց, որ մաթեմատիկական կրթության բարելավման հարցում մեծ դեր ունեն դասագրքերն ու ուսուցչակազմը: Հարցի շուրջ Ս. Հակոբյանն ասաց, որ ոլորտի մակարդակը կարգավորվում է «Թիմս» միջազգային ստուգատեսի` եվրոպական դպրոցներում գործող չափորոշիչներով. «2003թ.-ի համեմատ` մաթեմատիկայի բնագավառում աճ է գրանցվել, եւ դպրոցների մաթեմատիկական պատրաստվածության մակարդակը համապատասխանում է միջին ցուցանիշին: Կրթության զարգացման պետական ծրագրում դա կարեւոր ձեռքբերում է համարվում»:
Միքայելյանի ձեւակերպմամբ՝ չնայած ԿԳ նախարարությունը գոհ է արդյունքներից, միաժամանակ առաջանում է հակասություն, քանի որ ուսուցիչների, ծնողների եւ աշակերտների շրջանում ակնհայտ դժգոհություն կան` բարդ եւ աշակերտի համար հաճախ անհասկանալի դասագրքերի շուրջ: Ս. Հակոբյանն այդ հակասությունը համարում է կրթության զարգացման միջոց. «Նախորդների համեմատ` այժմյան գրքերը ծանրաբեռնված չեն: Ճիշտ է, դրանցում ներառված է ամբողջ նյութը, բայց ուսուցիչն ինքը պետք է կողմնորոշվի, թե դրա որ մասն է ուղղված բոլոր աշակերտներին, եւ որը` նրանց, ովքեր մաթեմատիկան սովորելու առավել մեծ կարողություններ ունեն»: Խոսելով 12-ամյա կրթությունից` Հ. Միքայելյանը նշեց, որ, ըստ երեւույթին, դա չի տարբերվում նախկին` տասնամյա կրթությունից. «Պարզ հաշվարկ է. եթե առաջ տասը տարվա մեջ մաթեմատիկան անցնում էինք շաբաթական 6 օր, հիմա անցնում ենք 12 տարի` շաբաթական հինգ օր»: Պրոֆեսորի կարծիքով` դասագրքերն առաջնահերթ պետք է հետաքրքրություն առաջացնեն. «Նախարարությունը շատ գոհ է Նիկոլսկու հեղինակած 7-րդ դասարանի դասագրքից, բայց Նիկոլսկին 107 տարեկան, կրթությունից հեռու մարդ է, եւ այդ դասագիրքը կրթական խնդիր չի լուծում: Սովետական կրթական համակարգը պատրաստում էր լավ մասնագետների, բայց ոչ` լավ մարդկանց»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































