ԲՀԿ 6-րդ համագումարում հնչած քննադատական ելույթները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որպես ԲՀԿ-ի ինքնաքննադատություն է ընկալել: «Ես եղել եմ համագումարին, ինչ խոսակցություններ եղել են , դա պիտի ընդունել ինքնաքննադություն, ուրիշ մեկնություններ չկան: Ազատ խոսքի իրավունք ունեն մարդիկ, համագումար են կազմակերպել, դա պիտի համարել համագումարի մասնակիցների ինքնաքննադատություն, իսկ որ երկրում խնդիրներ կան, մենք էլ դրա ջատագովներն ենք, մեր ամբողջ ծրագրային դրույթները հենց կապված են լինելու դրա հետ»:
Պարոն Սահակյանի խոսքերով, 1999 թվականից Հանրապետական կուսակցությունը միշտ էլ կոալիցիաներ է ունեցել, ու ամեն ընտրության գալուն պես կոալիցիոն գործընկերները յուրահատուկ դիրքավորվել են. «Երբ գալիս են նոր ընտրություններ, իրենք բնական են համարում, որ կարելի է ամենալավը վերցնել իրենց ու ասել, որ մաս ենք կազմում կոալիցիայի, եթե մաս չկազմեինք՝ ավելի շատ կանեինք: Նման բաների նկատմամբ տրտունջներ չունենք, որովհետեւ մեր բռնած դիրքով ու կատարած աշխատանքով բավականին հաջող տրամաբանությամբ ենք հանդես գալիս ժողովրդի առջեւ»: ԲՀԿ-ի քննադատական կեցվածքը պարոն Սահակյանի համար զարմանալի չէ. «Բոլոր կուսակցություններն իրենց քարոզչական ռազմավարությունն ունեն, ընդ որում՝ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը , անբնական որեւէ բան չեմ տեսնում, յուրաքանչյուրը փորձում է շահեկան վիճակ ստեղծել ընտրություններից առաջ»:
Հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է ՀԱԿ-ի որոշ անդամների այն կարծիքը, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է խաղում եւ օգտագործելու է ՕԵԿ-ի սինդրոմը. «Եթե երեւույթները քննդատում են այնքան, որքան կա, չեմ կարծում, որ ընդդիմադիր կեցվածք է… Իհարկե՝ մեզ համար ընդունելի չէ, որ որոշակի իրավիճակներ կոշտացնում են եւ փորձում են դրանով մասնակցել ընտրություններին, կարծում եմ՝ մեր քարոզչության ժամանակ բոլոր փաստերը, իրողությունները կներկայացվեն հասարակությանը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ