
2010-ի դեկտեմբերի 8-ին, երբ Գագիկ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական ներկայացնել, նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանն «Ազատություն» ռադիոկայանին հաստատեց, որ Բեգլարյանն իսկապես ծեծի է ենթարկել Արամ Կանդայանին` շեշտելով, որ «նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այսինքն` այդպիսի վարքագիծն անընդունելի եւ անհանդուրժելի է, իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»: Այսօր «Հենարան» ակումբում հարցին` Գագիկ Բեգլարյանի ներկայությունը ՀՀԿ ցուցակում ՀՀԿ վարկանիշի վրա չի՞ ազդի` Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց, որ հետագայում որոշ հանգամանքներ են պարզվել, ըստ որի՝ արարողակարգի բաժնի տղան էլ մեղավորություն ուներ, բայց քանի որ Բեգլարյանն արդեն հրաժարական էր տվել` անցել-գնացել է: «Գագիկ Բեգլարյանի պատմությունը բոլորը գիտեն: Մարդուն կարելի է մի անգամ նախատել կամ պատժել, ամեն անգամ պետք չի պատժել: Գագիկ Բեգլարյանը մեր ընտրաթիմի մասնակիցն էր եւ սիրով ներկայացնում ենք իրեն, որովհետեւ ինքը անելիքներ շատ ունի»: Ստացվում է, որ այն ժամանակ նախագահը ողջ խորությամբ չի ուսումնասիրել դեպքը եւ հանիրավի մեղադրել Գագիկ Բեգլարյանին:
Լրագրողների դիտարկմանը, որ ՀՀԿ համամասնական ցուցակում հասարակության վերաբերմունքը դրական չէ նաեւ
Մանվել Գրիգորյանի, Առաքել Մովսիսյանի նկատմամբ` Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Գիտեք, անձին պետք չի միակողմանի դիտել: Դուք ասում եք Առաքել Մովսիսյանը կամ գեներալ Մանվելը պատերազմի մասնակիցներ են, կարելի է ասել՝ հերոսներ են, նրանք մարտնչել են, պարտադիր չի էդ հերոսի կոչումը տան, որ նրանց հերոս կոչենք: Մենք ներկայացնում ենք նաեւ ռազմական գործիչներին: Օրինակ, գեներալ Մանվելը գուցե ինչ–որ թերություններ.…բոլորս էլ ունենք: Բայց չէ՞ որ պատերազմը հաղթանակեցինք եւ իր լուման կա դրանում: Նա հայտնվել է մեր ցուցակում` որպես ԵԿՄ նախագահ: Միկրոսկոպի տակ խոշորացնել եւ դիտել միայն թերի մասերը, ես կարծում եմ` գոնե պետք է հավասարաչափ փորձել: Իսկապես գեներալի նման տղաները հերոսներ են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































