
Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին եւ նախագահական ընտրություններից դեռ մեկ տարի առաջ շտապեց հայտարարել 2013 թվականի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Որպեսզի հինգ տոկոսը հաղթահարելու շանսեր ունենա»,- եղավ պատասխանը:
Իսկ նախագահ Սարգսյանն իր ելույթով ի՞նչ էր ուզում ասել` հարցին էլ, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Ես զարմանում եմ, որ Սերժ Սարգսյանը վերջերս իսկապես լիովին կորցրել է պատկերացումը, թե ի՞նչ է բարոյականությունը: Եվ եթե հայտնի Լյուդովիկոս 14-րդ նախագահն ասում էր` «Պետությունը դա ես եմ», ապա Սերժ Սարգսյանը մի քիչ ձեւափոխել է եւ ասում է` նրանք են բարոյական, ովքեր ինձ պաշտպանում են կամ նրանք են բարոյական, ովքեր ինձ արտահայտում են իրենց բարերարությունը: Դա յուրահատուկ պատկերացում է բարոյականության մասին: Որովհետեւ, իրականում, Արթուր Բաղդասարյանի եւ մյուս նմանատիպ անձնավորությունների, որոնք Սերժ Սարգսյանին ժամանակին անվանարկել են որպես պոտենցիալ կամ իրական մարդասպանի, մասին խոսելիս բարոյականություն բառն օգտագործելը տարօրինակ է: Պոտենցիալ` Արթուր Բաղդասարյանի դեպքում, իրական` Արտաշես Գեղամյանի դեպքում, Վիկտոր Դալլաքյանի դեպքում: Այսօր նրանց դիտել որպես բարոյական կերպարներ, միայն ելնելով այն բանից, որ այսօր նրանք իրենց շահերից, կարգավիճակներից, ինչու ոչ` նաեւ վարկանիշից դրդված պաշտպանում են Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ վարկանիշի վերականգնման համար օգտագործեն վարչական ներուժը, դա ցինիկություն է: Բարոյականությունն այնտեղ է, երբ մարդը հետեւողական է իր գնահատականներում եւ չի փորձում սեփական խոսքը վաճառել»:
Հմայակ Հովհաննիսյանը հրաժարվեց պատասխանել հարցին`արդյոք նախագահի ելույթը հակադարձո՞ւմ էր ԲՀԿ համագումարում հնչած քննադատությանը. «Ես ԲՀԿ անդամ չեմ, իմ համաձայնությունը տվել եմ հատուկ կարգավիճակով, իմ համաձայնությունը տվել եմ մասնակցել ընտրություններին ԲՀԿ ցուցակով: ԲՀԿ-ի քարոզարշավում իմ ներդրումը լինելու է այն, որ ես հրապարակելու եմ երկրորդ եւ երրորդ գումարման խորհրդարանների իմ բոլոր ելույթները եւ դրանով, իհարկե, քանի որ իմ ազգանունը ծաղկեցնում է իրենց ցուցակը, կարդարացնեմ: Իսկ միջկուսակցական բաների մեջ չեմ մտնի. Նախ` ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որ իմ պաշտպանության կարիքը չունի: Այնտեղ կան մտքի տիտաններ` թող իրենք իրենց պաշտպանեն»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































