
Արձագանքելով համամասնական ցուցակի ձեւավորման ընթացքում, ըստ լրատվամիջոցների, ծագած անհամաձայնությունների եւ համամասնական ցուցակը ազատ դեմոկրատ Արարատ Զուրաբյանի, լրագրողի ձեւակերպմամբ, «սրտով չլինելու» պատճառով, դրանում ընդգրկված չլինելու մասին հարցադրմանը՝ Արմեն Առաքելյանն ասաց. «Իսկ դուք որտեղի՞ց գիտեք, որ սրտով չի եղել։ Ես նման բան չեմ կարդացել։ Մամուլի գրածներից որեւէ մեկը իրականությանը չի համապատասխանում։ Արարատ Զուրաբյանը մեր գաղափարական ընկերն է եւ միավորման ամենամեծ ջատագովն էր»։
Իսկ թե ինչո՞ւ Զուրաբյանը համամասնական ցուցակում չկա՝ բացատրեց. «Իրեն առաջարկվել էր գլխավորել մեր՝ «Ազատ դեմոկրատների» ցուցակը, բայց նա իր անձը չկարեւորելու ունակություն ունի ու գտավ, որ Քոքոբելյանը պետք է գլխավորի։ Իսկ համամասնական ցուցակում չլինելն իր ցանկությունն էր»։
«Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը մի պատեհ առիթով հայտարարել էր, թե կուսակցությունը նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումներ է անելու։ Ինչո՞ւ, այնուամենայնիվ չարեց։ Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Արմեն Առաքելյանն ասաց, թե իրենք բարոյական հաղթանակներ տանելու կողմնակիցներ չեն, եւ հաշվի առնելով կուսակցության ռեսուրսները եկել են այն համոզման, որ մեծամասնական առաջադրումների դեպքում հաղթել չեն կարող ու առաջադրումներ չեն արել։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































