
Անդրադառնալով ԲՀԿ-ին, Կ. Քոչարյանը նշեց. «Առաջադրված անդամները հանրաճանաչ են, բայց արդյոք դա կուսակցությանը դրական արդյունք կբերի՞»: Ալեքսանդր Մարգարովի կարծիքով, հանրաճանաչ անունները դեր չեն խաղում ձայների հավաքման հարցում, քանի որ ԲՀԿ-ի գործունեությունն առաջնահերթ կապված է կուսակցության լիդերի հետ. «Ընտրողը ձայնը կտա ԲՀԿ-ին, որովհետեւ ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է: Իսկ քաղաքականացվելով՝ ԲՀԿ-ն ուզում էր ցույց տալ, որ լիդերի կուսակցություն չէ»:
Համեմատելով ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի լիդերներին՝ Կ, Քոչարյանը նշեց, որ ի տարբերություն ԲՀԿ-ի սոցիալական լիդերի, ՀԱԿ-ի լիդերը քաղաքական է. «Չլիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, չէր լինի ՀԱԿ-ը: Կուսակցության խնդիրն այն է, որ մեկ-երկու մարդու հանած՝ ՀԱԿ-ից մնում է ՀՀՇ»: Խնդրի շուրջ Ալեքսանդր Մարգարովը կարծիք հայտնեց, թե ՀՀՇ-ի վարկանիշը միշտ ցածր է եղել Լ. Տեր-Պետրոսյանի անձնական վարկանիշից. «Հետեւաբար, Տեր-Պետրոսյանն այն գործոնն է, որ առաջ է քաշում ՀԱԿ-ին: Ինչեւիցե, կուսակցությունը հանդես է գալիս ընդդիմադիր դաշտի տարբեր ուժերի միավորումով, ինչը խորհրդարանական ընտրությունների պարագայում նոր քաղաքական ձեւաչափ է»:
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» վերաբերյալ Կ. Քոչարյանը նշեց, որ վերջիններիս ցուցակներն անխոցելի են, «Դաշնակների ցուցակը դասական է, իսկ «Ժառանգությունը» վերջին տարիներին ավելի շատ հասարակական գործունեություն է է ծավալել: Երկուսն էլ ունեն միեւնույն գաղափարախոսությունը»: Ալեքսանդր Մարգարովի խոսքով՝ «Ժառանգությունը» ձգտում է ցույց տալ, որ բացի Րաֆֆի Հովհաննիսյանից, կուսակցությունն ունի խորհրդարանական գործունեությանը հավակնող այլ ակտիվ անդամներ:
Կարդացեք նաև
Ինչպես հայտնի է, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը երեկ հրապարակել էր հարցման արդյունքները, համաձայն որոնց՝ ընտրողների ձայների մեծամասնությունը հավաքել է ԲՀԿ-ն: Կ. Քոչարյանն անիմաստ որակեց այդ հարցման արդյունքները՝ համարելով, թե վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացվել են «փչացած» հարցումներ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































