Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանին հարցրեց, թե ինչպե՞ս է գնահատում մարզի մի քանի գյուղապետերի ու մարզպետարանի դաշնակցական վարչության պետերի պատգամավորացու դառնալու փաստը: Նշենք, որ ՀՅԴ-ի համամասնական ցուցակում ընդգրկվել են գյուղվարչության դաշնակցական պետ Մովսես Մանուկյանը, ֆինանսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը, ինչպես նաև Ախուրյանի դաշնակցական գյուղապետ Արծրուն Իգիթյանը: ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի ցուցակում ևս կան գյուղապետեր, Կարմրաքարի գյուղապետ Գագիկ Վարադյանը ՀԱԿ-ի թեկնածուն է, Ախուրիկի գյուղապետ Վարդիթեր Գասպարյանն էլ` ՀՀԿ-ի: Որքան էլ զարմանալի է՝ պատգամավորի թեկնածու են նաև Շիրակի ներկա ու նախկին մարզպետները`գեներալ Աշոտ Գիզիրյանն ու դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը: «Եթե ես լինեի ցուցակներ կազմողը, կառաջնորդվեի լրիվ այլ սկզբունքներով, բայց դա իրենց գործն է: Ես կարծում եմ՝ ցուցակները համալրվում են այն մարդկանցով, որոնք կարող են ձայն բերել կուսակցությանը, այսինքն՝ հաշվի են առնում թեկնածուի հնարավորությունները: Եթե, օրինակ, վերլուծենք գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանի պատգամավորի թեկնածու դառնալը, կասեմ, որ մեր մարզում նա արտահայտված դաշնակ է, շփվելու կարողություն ունեցող, իսկ որ ամենակարևորն է` ապրում է ամենամեծ ընտրազանգված ունեցող համայնքում` Սառնաղբյուրում, այստեղ մոտ 2000 ընտրող կա»:

Պարոն Աբրահամյանը անակնկալի եկավ` լսելով, որ իր հարազատ ընկեր Գիզիրյանը ևս ՀՀԿ-ի ցուցակում է: «Հանկարծակիի եկա, էս ի՞նչ եք ասում, եթե ինձ հարցնեն՝ կասեմ, որ Գիզիրյանին ոչ մարզպետի պաշտոնն է պետք, ոչ էլ պատգամավորի աթոռը: Նրան միայն տեսնում եմ ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում, ընդ որում՝ օպերատիվ ծառայության գծով, որովհետև նա մարդկանց արագ ճանաչում է, ամենակործանված հիմնարկը կարող է ոտքի կանգնեցնել և ամենակարևորը՝ հիշաչար չէ: Նրան կենդանի աշխատանք է պետք, ոչ թե խորհրդարան», -կարծիք հայտնեց Գիզիրյանի ընկերը: Մեր ճշգրտող այն հարցին էլ, թե ի նկատի ունեք, որ խորհրդարանը մեռա՞ծ տեղ է, պարոն Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Ոչ, ուզում էի ասած լինեի, որ խորհրդարանը նստակյաց աշխատանք է պահանջում, իսկ Գիզիրյանը նստած աշխատանքի սովոր չէ»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ



















































