
Կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլինի այս երկու ճամբարների մրցակցությունը արդեն քարոզարշավի ընթացքում, երբ ավելի ու ավելի մոտենանք քվեարկությանը: Իշխանությունների համար առավել լավ նվեր այս երկու ընդդիմադիր ուժերն, իհարկե, չէին կարող մտածել: Ինչպես հայտնի ասույթում է, երբ «երկու շուն կռվում են՝ ճամփորդի գործն են հաջողում»: Ներկայումս ստացվում է հենց նման իրավիճակ, երբ կռվում են երկու ընդդիմադիր ուժեր, հաջողում է միայն իշխանությունը: Եվ, ըստ էության, կարևոր չէ, թե ով է առաջինը սկսել, ով է արձակել առաջին կրակոցն ու սկսել ճակատամարտը, որովհետև տուժողը, միևնույն է, լինելու են երկու կողմն էլ:
Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ առաջարկել է, որ ընդդիմադիրներով նստեն սեղանի շուրջ և պայմանավորվեն ամեն ընտրատարածքում մեկական թեկնածուի սատարելու մասին: Սակայն քիչ հավանական է, որ նման նախաձեռնություն ընդդիմադիր դաշտում լինի, որովհետև եթե ընդդիմադիրները ունակ էին նման համախմբման, ապա դա կանեին մինչև առաջադրումները, և չէր ստեղծվի այն տհաճ իրավիճակը, որից, եթե խոստովանենք, բավականին տհաճ հոտ է փչում ընդհանրապես:
Բանն այն է, որ ընդդիմադիր ուժերի ընտրական առաքելությունը երևի թե պետք է լիներ այն, որ նրանք որակ հաղորդեին նախընտրական դիսկուրսին և ձևավորելով համապատասխան հասարակական պահանջարկ` փորձեին ցույց տալ իշխանության սնանկությունը: Մինչդեռ այսօր, առայժմ, ընդդիմադիրներն իրենք իրենց են ցույց տալիս՝ հավասարվելով իշխանությունների պարզունակությանը:
Ավելին` իշխանությունները նույնիսկ մեկ քայլ առաջ անցան և կոալիցիայով հանդերձ փետրվարի 13-ին հայտարարեցին խաղի կանոնների և հանդուրժողական մրցակցության շուրջ պայմանավորվելու մասին: Իսկ ընդդիմադիր ուժերը առայժմ շարունակում են հայհոյել միմյանց և կազմաքանդել հասարակական կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները:
«Ժամանակ»


















































