«Ժառանգության» նախկին անդամը՝ «Ժառանգության» համամասնական եւ մեծամասնական առաջադրումների մասին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի ցուցակի 6-րդ տեղի համար շրջանառվում էին ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Մանուշակ Պետրոսյանի եւ Զոյա Թադեւոսյանի անունները: Արդյունքում համամասնական ցուցակի «առաջին տիկնոջ» տեղը բաժին հասավ ՍԴՀԿ ատենապետին: Զոյա Թադեւոսյանը զբաղեցնում է ՀԱԿ-ի ցուցակի 16-րդ տեղը, իսկ Մանուշակ Պետրոսյանը՝ 11-րդ:
Զոյա Թադեւոսյանը վստահում է ՀԱԿ-ի թիմին, հուսով է, որ առաջիկա ընտրություններում կկարողանան նաեւ հանրությանն ապացուցել, որ միակամ են, վճռական եւ լինելու են այս երկրում սահմանադրական կարգի վերականգնման հիմնական իրացնողները: Համեմատելով բոլոր կուսակցությունների «թոփ 20-յակները»՝ մեր զրուցակիցն իր համար պարզել է հանրությանն ուղղված «մեսիջները»: «Եթե ասում ես՝ «Հավատանք, որ փոխենք», ես կարծում եմ, որ հենց ցուցակից պետք էր սկսել հավատալու գործընթացը, որ մարդիկ նաեւ վստահ լինեն ու փոխվելու ակնկալիքներ ունենան»,- ասում է մեր զրուցակիցը՝ շարունակելով. «Հավատալու ցուցակ չէ: Ո՞ւմ հավատանք: Նույնիսկ անհարմար եմ զգում անդրադառնալ առանձին անունների, որոնց ոչ միայն չեմ հավատա, այլ նաեւ չեմ էլ ցանկանա այդպիսիք տեսնել խորհրդարանում, որովհետեւ խորհրդարանը շոուի վայր չէ: Խորհրդարանը պետք է վաղուց ապացուցած լիներ, որ հանրության ինտելեկտուալ հատվածի մի միավորում է, որը պիտի ժողովրդի վստահությունը շահած՝ առաքելություն իրականացնի, օրենքներ ու աշխատանքային կարգապահություն հրամցնելով՝ նպաստի երկրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ այդ ցուցակում այդպիսի մարդիկ չկան ներկայացված: ՀՀԿ-ի ցուցակը հավատալու, առավել եւս՝ վստահելու առիթ չի տալիս»:
Կարդացեք նաև
«Առավոտի» դիտարկմանը, որ հիմնականում քննադատության թիրախ է դառնում ՀՀԿ-ի ցուցակը, ի՞նչ է՝ ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ցուցակներն անթերի՞ են, տիկին Թադեւոսյանը նկատեց, որ դրանք նմանատիպ ցուցակներ են. «Առանձին-առանձին չեմ ցանկանում քննարկել, որովհետեւ դրանք կոալիցիայի մաս կազմող ուժեր են, եւ նրանք միասնաբար այս ժողովրդի դեմ կռիվ տալու գործելաոճ վաղուց են հաստատել: Մենք նրանցից յուրաքանչյուրին գիտենք, ընդ որում, այսօր՝ այս, վաղը՝ մեկ այլ ցուցակում: Այնպես որ, տարբերություն չկա: Դրանք միեւնույն թիմի տարբեր ցուցակներ են»:
«Առավոտը» հետաքրքրվեց նաեւ՝ ինչո՞ւ այս ընտրություններում հիմնական ընդդիմադիրների՝ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ կոնսենսուս չկայացավ գոնե մեծամասնական առաջադրումների մասով: Նկատենք, որ մի շարք մեծամասնական ընտրատարածքներում մրցելու են ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի թեկնածուները. ամենավառ օրինակը Մալաթիա-Սեբաստիա թաղամասն ընդգրկող թիվ 7 ընտրատարածքն է, որտեղ կմրցեն «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀԱԿ-ից՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, անկուսակցական գործարար Սամվել Ալեքսանյանը: Ինչո՞ւ իշխանությունները կարողացան պայմանավորվել, ընդդիմադիրները՝ ոչ, չի՞ ստացվում, որ իշխանական թեկնածուն ի սկզբանե շահած է, քանի որ ընդդիմադիրներն իրարից են «ձայն փախցնելու»: Տիկին Թադեւոսյանի պատասխանը եղավ. «Կոնսենսուսի պակասը ես դիտարկում եմ այսպես՝ եթե ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ ցուցակները միեւնույն թիմի երեք տարբեր ցուցակներ են, ձեր կողմից նշվածը հայտ է ներկայացրել չորրորդը լինելու: Այդ ցուցակում անուններ կան, որոնք դա ապացուցում են: Մենք յուրաքանչյուրի պատմությունը, բարեբախտաբար, շատ լավ գիտենք եւ վաղուց արդեն չենք հավատում ինչ-որ քողով ծածկված կեղծ խոստումների: Եվ թող չփորձեն այդ քողն էլ ավելի մթնեցնել, որպեսզի տակից չերեւա այն, ինչը որ կա իրականում: Մենք գիտենք յուրաքանչյուրին առանձին-առանձին եւ գիտենք բոլորին. ես գիտեմ բոլորին միասին, թիմով: Շատ լավ ենք ճանաչում, այլեւս չենք խաբվելու»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































