Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալվարդ Հունանյանի (լուսանկարում) վարույթում էր գտնվում Արաբկիր կադաստրի պետի տեղակալ Արամ Չատինյանի հայցը՝ ընդդեմ «Առավոտի» ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: Ա. Չատինյանն իր ներկայացուցչի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արշակ Թովմասյանի միջոցով վիճարկում էր պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստը եւ հերքում էր պահանջում:
Ըստ հայցադիմումի, այդ տեղեկությունները տարածվել էին 24.08.2011թ. «Առավոտում» եւ կապված էին Չատինյանի եղբոր նկատմամբ կալանք ընտրելու լուրի հետ:
Տեղի էր ունեցել երկու նախնական նիստ, իսկ ֆոտոլրագրողն էլ դիմել էր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Ասրյանին՝ իր ներկայացուցիչը լինելու խնդրանքով: Սակայն գործը չհասավ դատական քննության փուլ, քանի որ Արամ Չատինյանն իր հայցադիմումից անցյալ շաբաթ հրաժարվեց:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: