
Իսկ այդ հռչակագրում մասնավորապես ասվում է նաեւ, թե համամասնական ցուցակի՝ երկու կուսակցությունների եւ հանրային սեկտորը ներկայացնող թեկնածուները, որոնց դավանած գերագույն արժեքներն են քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը , «այդ արժեքների ամրապնդման ու տարածման հրամայականով մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ՝ նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու ենք նոր իշխանություն՝ նոր կառավարությամբ»:
Մեր հարցին՝ արդյոք վաղաժամ չէ՞ այսօր՝ ՀՀ նախագահի ընտրություններից մեկ տարի առաջ, այդ հռչակագրում խոսել նաեւ նախագահական ընտրությունների մասին, ինչից ենթադրվում է, որ այդ ընտրություններում պաշտպանելու եք մեկ միասնական, ենթադրաբար՝ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, Ռուբինյանն առարկեց. «Ինչո՞ւ է այդպես ենթադրվում: Նախ՝ այդ առումով էլ շատ կարեւոր է, որ հռչակագրում արձանագրվում է, որ մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարման համակարգին, եւ եթե նախագահական ընտրությունների մասնակցելու ենք, իսկ այնտեղ ասված է, որ մասնակցելու ենք, ապա հենց այդ ծրագրով ենք մասնակցելու: Դրանք, կարծում եմ՝ կլինեն վերջին նախագահական ընտրությունները, որից հետո տեղի կունենա անցում խորհրդարանական կառավարման համակարգին, եթե, իհարկե, մինչ այդ այս նոր խորհրդարանական ընտրությունների արդյունքում չհասցնենք այդ բարեփոխումն իրականացնել: Ինչ վերաբերում է նրան, որ մենք կանխորոշում ենք, թե ով է լինելու նախագահի մեր թեկնածուն այդ ընտրություններում, ապա՝ ամենեւին այդպիսի բան չկա: Հակառակը, կարծում եմ՝ լինելով ազատական թիմ, մենք մեր մեջ դեռ պիտի մրցակցության հիման վրա որոշենք, թե ով պիտի լինի այդ նախագահի թեկնածուն: Մասնավորապես՝ ես, ամենեւին չեմ բացառում, որ ինքս մրցակցեմ այդ հարցում»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































