
Լեոն անդրադարձել է Մատթեոս սարկավագ Ծարեցուն, որը սկսել էր տպագրել Նեսես Շնորհալու «Հիսուս որդին», սակայն գրքի տպագրությունը չավարտած՝ հիվանդացել ու մահվան երկյուղը ներշնչել էր, որ տպարանի վիճակը տնօրինելու համար իր մոտ կանչի Ղլիջենց Ավետիսին: Վերջինս պետք է վճարեր պարտքերը եւ կիսեր ստացած շահույթը: Ըստ Լեոյի, Ավետիսն առաջարկում է տպարանը նվիրել Էջմիածնին եւ Սուրբ Սարգսի վանքին: Վերջինիս վանահայրն էլ Ավետիսի եղբայր Ոսկան Երեւանցին էր: Ծարեցին վախճանվում է 1661-ին: Իսկ նրա սկսած հիմնարկությունը ստանում է «Տպարան Էջմիածնի եւ սուրբ Սարգսի» անունը: «Սա առաջին դեպքն էր հայերի մեջ, որ տպարանը բարեգործական նպատակով նվիրվում էր մի հիմնարկության»,- գրում է Լեոն:
Ըստ նրա, Ավետիսը գիտեր միայն վաճառականական հայերեն եւ ստիպված էր դրանով սրբագրել կիսատ թողնված «Հիսուս որդին», քանի որ հայերեն իմացող մեկ ուրիշը չկար Հոլանդիայում: Լեոն Ոսկան վարդապետին էլ համարում է ամենամեծ զոհը. «Նրա 8-ամյա կյանքը Եվրոպայում մի կատարյալ նահատակություն էր Հայաստանի լուսավորության համար: Նա առաջին հայ հրատարակիչն էր, որ գիրք տալիս էր ոչ միայն տիրացուին, այլեւ վաճառականին ու հասարակ ընթերցողին»: Իրեն անվանի լուսավորիչների տոհմի ներկայացուցիչը համարող Գուրգեն Թադեւոսյանն ափսոսում է, որ այսօր գիրքը ըստ արժանվույն գնահատված չէ Հայաստանում, սա այն դեպքում, երբ հայ ժողովուրդը տպագրության 500-ամյա ավանդույթներ ունի:
Մեր զրուցակիցը հուզմունքով պատմեց, թե ինչպես է 1992 թվականին առաջին անգամ Վենետիկ ոտք դրել բակգամոնի միջազգային առաջնության մասնակցելու շնորհիվ. «Վերջին 50 դոլարով գնացի Սուրբ Ղազարը տեսա»:
«Առավոտ» օրաթերթ


















































