
Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Կոտայքի մարզում, որտեղ արձանագրվել են հետևյալ առանձնահատկությունները. «Առաջինը պետք է նշենք, որ Կոտայքի մարզը միակն է, որը չունի արտաքին սահմաններ, և դա նաև ազդում է մեր քաղաքացիների սպասումների վրա։ Առաջին տեղում գործազրկության խնդիրն է։ Մարզպետը նույնպես իր հաշվետվության մեջ նշեց, որ Չարենցավանում, Նոր Հաճնում, Բյուրեղավանում, Հրազդանում, որոնք խոշոր արդյունաբերական կենտրոններ էին, Սովետական Միության փլուզումից հետո խոշոր գործարանները դադարեցրին իրենց աշխատանքը, և գործազրկությունը թիվ մեկ խնդիրը դարձավ մարզի համար։ Այսօր էլ մենք տեսնում ենք, որ ընտանեկան բյուջեների սպառման 35 տոկոսը հիմնականում սնունդն է, և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով Կոտայքի մարզն աչքի է ընկնում առաջին հերթին աղքատության բարձր մակարդակով, ինչը պայմանավորված է հենց այս առաջին հանգամանքով։
Կոտայքի մարզի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ քաղաքներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունը, և ներքին ինտեգրվածության աստիճանը բավական ցածր է։ Հետաքրքրական է, որ բնակչության չնչին մասն է առաջնահերթ ոլորտ համարում տուրիզմը։ Չնայած Գառնի, Գեղարդ, Ծաղկաձոր, տուրիստական բազմաթիվ օբյեկտներ մարզում կան, բնակչությունը մարզի ապագան տեսնում է առաջին հերթին աշխատատեղերի ստեղծման մեջ, բայց ոչ տուրիզմի ոլորտում։ Դա նաև այս մարզի առանձնահատկությունն է։

Կարդացեք նաև
Գործադիրը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Տնտեսության կայունացման վարկավորման» ծրագրի հիմնական ուղղություններով սահմանված գումարների ճշգրտմամբ և մարված հիմնական գումարների հաշվին նոր վարկերի ֆինանսավորման մեխանիզմի հստակեցմամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ կառավարությունը նախորդ տարի 14 միլիարդ դրամ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտում արտոնյալ տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար։ Դրա տոկոսները սուբսիդավորվել են պետական բյուջեից։ «Այս տարի ևս 7.5 մլրդ դրամ ենք հատկացնում վարկավորման համար, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Տոկոսադրույքները սուբսիդավորելու համար գումար ենք հատկացնում պետական բյուջեից։ Արդյունքում ցածր տոկոսով վարկերը հասանելի են դառնում գյուղացիների համար։ Ավելին, մարզպետների խնդրանքով որոշում ենք կայացրել, որ այս արտոնություններից օգտվողների ցուցակները հասանելի լինեն հանրությանը։ Այս հնարավորությունից օգտվում են հազարավոր ֆերմերային տնտեսություններ, և եթե ցանկություն կա ըստ մարզերի ու համայնքների ծանոթանալ այն ցանկին, թե ում է պետությունը ցուցաբերում այդ օժանդակությունը, այդ տեղեկատվությունը բաց և հրապարակային է լինելու, որպեսզի հանրությունը և մեր գործընկերները կարողանան վերահսկել այս գործընթացը, որպեսզի պետական բյուջեի այս սուբսիդավորումը ծառայի բուն նպատակին։
Կոտայքի մարզում էլ է բնակչությունն օգտվել այդ սուբսիդավորումից, և հայտերի գրեթե 90 տոկոսը բավարարվել է։ Սա բավական լուրջ ցուցանիշ է։ Այսինքն` բանկերն ամբողջությամբ բավարարում են այն հայտերը, որոնք ներկայացնում են գյուղացիական տնտեսությունները։ Մերժում է լինում հայտերի չափից շատ ռիսկային լինելու դեպքում։ Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններն ամբողջությամբ կարող են օգտվել այս վարկերից և այս 7,5 միլիարդը հասանելի է լինելու ապրիլի 1-ից։ Սա լուրջ արդյունք է տալու»։
ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրությունից


















































