
«Դա պայմանավորված է աշխատանքային նոր մոտեցումներով: Եկեք չհամեմատենք նախորդ եւ այս ընտրությունները: Միայն ասեմ, որ այս ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետը, եթե հետեւում եք լրատվությանը, պարբերաբար հանդիպումներ է ունենում համակարգի անձնակազմի հետ, եւ մեզ՝ հասարակայնության հետ կապերի վարչությանը , հրահանգել է որեւէ հրապարակում անարձագանք չթողնել: Դրանց բոլորին պետք է պարզաբանումներ տրվեն: Նոր մոտեցումը կայանում է հենց նրանում, որ հասարակությանը հուզող եւ լրատվամիջոցներում եղած բոլոր հարցադրումները ոստիկանության կողմից արձագանք ունենան, եւ որեւէ հարցական չպետք է մնա»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մեր հարցին՝ կարծում եք դա՞ է նպաստելու է ոստիկանության հանդեպ հասարակության կամ քաղաքական ուժերի վստահության բարձրացմանը կամ ավելի «ջերմ հարաբերություների» հաստատմանը, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչն արձագանքեց. «Ավելի շատ, կարծում եմ, դա կնպաստի, որպեսզի ընտրությունները որակյալ անցնեն, ինչը ձեր, իմ եւ ոստիկանության ու յուրաքանչյուր քաղաքացու ցանկությունն ու պահանջն է»:


















































