
Aravot.am-ն այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից ճշտեց` ՀՀԿ-ն այդ «ապերայական», «ճշտի» կատեգորիայո՞վ է առաջնորդվում, որ հայտարարել է «մաքուրով» հաղթելու մասին` պարոն Սահակյանը պատասխանեց, որ ամեն ՀՀԿ-ականի ասածը պետք չի ՀՀԿ-ին վերագրել. «Իրապես կարելի է ՀՀԿ–ին վերագրել միայն այն մարդկանց հայտարարությունները, որոնք կուսակցության անունից իրավունք ունեն հայտարարություններ անել: Կարող է մեր մի անդամը իր տեսակետը ուզել է ինչ–որ ձեւով ասի, դա ՀՀԿ–ի հայտարարություն չի, անձնական տեսակետ է»: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանի պատասխանին, որ «մենք այդ կատեգորիայի մարդ չենք», Գալուստ Սահակյանն ասաց. «Նոր կուսակցական այդպիսի մոտեցումներ է ձեւավորվում իրենց մոտ, ես կաշխատեմ չհակադարձել նրանց: Եթե մարդիկ այդ տոնով են խոսում, ուրեմն իրենց մոտ մի որեւիցե զգացում կա այդպիսի, շատ լավ կլինի իրենք մտածեն` էդ զգացումը իրենց մոտ վերացնելու համար»:
Նշենք, որ Ալեքսանդր Արզումանյանը նաեւ վստահեցրել էր, որ իրենք ընդդիմադիր դաշտից որեւէ ներկայացուցչի իրենց մրցակից չեն համարում. «Ունենք 1 թիրախ` իշխող կոալիցիան, որի դեմ պետք է պայքարենք: Կոալիցիայի ապաշնորհ, ապազգային, ապամարդկային քաղաքականության հետեւանքով է այս իրավիճակում Հայաստանը, եւ եթե մեր ընդդիմադիր գործընկերները ձեւ գտնեն,նոր մոտեցումններ առաջարկեն, մենք սիրով միասին կպայքարենք այս բեսպրեդել իշխանության դեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































