
Թե ո՞րն է մանկատունը հարսանյաց սրահով փոխելու իմաստը, Գյումրու քաղաքապետը թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված գրության մեջ հիմնավորել է նրանով, որ մանկատունը անհարմարավետ է տեղաշարժվելու համար, հատկապես սահմանափակ կարողություններով մարդկանց համար: Սակայն նկատենք, որ ՀՀԿ-ական քաղաքապետը փոփոխություններ է կատարել հենց այն ընտրատեղամասերում, որոնց ղեկավարները ԲՀԿ-ական են, այսինքն ԲՀԿ-ականների գլխավորած հիմնարկները փոխարինել է իր մարդկանց կառույցներով: Օրինակ`ԲՀԿ-ական Հակոբ Հակոբյանի ղեկավարած թիվ 24 միջնակարգ դպրոցից ընտրատեղամասը տարել է Գյումրու թիվ 5 երաժշտական դպրոց` պատճառաբանելով, որ 24 դպրոցը գտնվում է միջպետական նշանակություն ունեցող ավտոմայրուղու վրա և ընտրությունների ժամանակ մշտապես տրանսպորտային կուտակումներ են գոյացել, տեղադիրքը հարմարավետ չէ:
Նկատենք, որ վերջերս գիշերօթիկ դպրոցի վերածված «Հույս» մանկատան տնօրենը ևս ԲՀԿ-ական է`Անահիտ Կարպետյանն է: Սակայն, եթե ինչ-որ տեղ ընդունելի է թիվ 24 միջնակարգ դպրոցը երաժշտական դպրոցով փոխարինելը, ապա օրենսդրորեն անընդունելի է պետական կառույցը խնջույքի օբյեկտով փոխարինելու փաստը: Ընտրական օրենսգրքի 15.2 կետը սահմանում է, որ որպես ընտրատեղամաս կարող են ծառայել պետական կամ ՏԻՄ ենթակայության տակ գտնվող շինությունները, սրանց բացակայության դեպքում միայն հնարավոր է որպես ընտրատեղամաս ծառայեցնել մասնավոր կառույցները:

Կարդացեք նաև
Պաշտոնյան վստահեցնում է , որ ճոխ հարսանքիները չեն խանգարի ընտրողներին, քանի որ «Դվին» հարսանյաց սրահում որպես ընտրատեղամաս ընտրվել է առաջին հարկի այն հատվածը, որի մուտքը առանձին է գլխավոր մուտքից, այսինքն հարսանյաց սրահը որպես ընտրատեղամաս չի ծառայի: Պարոն Բաղրամյանը նաև վստահեցնում է, որ այդ տարածքում այլ պետական կառույց չկա, որպեսզի «Հույսը» փոխարիներին մեկ այլ պետական հիմնարկով, նաև շեշտում է , որ «Դվինը» որպես ընտրատեղամաս օգտագործելու համար վարձավճար չեն մուծելու: «Ես որպես ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ խնդիրը վերլուծում եմ ոչ թե բարեկամական կամ հարազատական կապերից ելնելով, այլ ընդամենը ելնելով տվյալ կենտրոնի հարմարավետությունից` այն ինչ պահանջում է Ընտրական օրենսգրքի թիվ 15 հոդվածը, այսինքն սահմանվող կենտրոնը հնարավորինս ավելի մատչելի լինի ընտրողների համար, իսկ առաջարկված տարբերակները` անկախ իրենց սեփականության ձևից, որոնք անվարձահատույց են հանձնված` փաստորեն ավելի հարմարավետ են, քան նախորդները», ասում է Էդուարդ Բաղրամյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































