Մոտ մեկ տարի Գյումրի ոտք չդնելուց հետո՝ այսօր արտակարգ իրավիճակների ՕԵԿ-ական նախարար Արմեն Երիցյանը դարձյալ հանրապետության երկրորդ քաղաքում էր: Նրա այցը վերածվել էր իսկական տոնի. ԱԻՄ նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր կառույցների աշխատակիցները, համազգեստները հագներին, Գյումրու կենտրոնում` Արվեստների ակադեմիայի դիմաց շարված, դիմավորում էին նախարարին:
Բանն այն է, որ նախարարը դատարկաձեռն չէր եկել Գյումրի. թանկարժեք մի նվեր`ամենագնաց մեքենա էր իր հետ բերել 30 տարվա ընկերոջ` գեներալ Աշոտ Գիզիրյանի գլխավորած մարզին: Նշենք, որ շիրակցիները սրա անհրաժեշտության մասին բարձրաձայնում էին ամեն նիստի ժամանակ, սակայն այդ տեխնիկայի երեսը տեսած չկային, նույնիսկ փողոցում մարդիկ հավաքվում ու հետաքրքրվում էին , թե ի ՞նչ է կատարվում, ինչո՞ւ է այդ մեքենան հայտնվել փողոցում:
Հետաքրքիրն այն է , որ պարոն Երիցյանը ձյուն ճեղքող ամենագնաց մեքենան որոշել էր նվիրել գարնան կեսերին, պաշտոնական քարոզարշավից 5 օր առաջ: Լրագրողների հարցին, մի՞թե նվերը ուշացած չէ, Շիրակի մարզի խստաշունչ ձմեռն անցավ ու ճանապարհները կարծես թե բաց են՝ պարոն Երիցյանը տեղավորվելով ամենագնաց մեքենայի ֆոնին, պատասխանեց` թող ուշացած լինի, բայց մեր պարտքը կատարենք:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: