Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը «ձեւական» կոալիցիայի հայտարարության մասին. «Ես տվել եմ քաղաքագիտական գնահատական» (Տեսանյութ)

Ապրիլ 04,2012 17:46

 ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանը Aravot.am-ի հարցին` ձեզ համար կարեւոր չէ՞ր, որ կոալիցիոն ձեր մյուս գործընկերը` ՕԵԿ-ը չէր մասնակցում միասնական շտաբի ձեւավորման խնդրի քննարկմանը, օրինակ՝ Գալուստ Սահակյանը, պայմանավորելով նաեւ դրանով` չստորագրեց, իսկ Դուք ստորագրեցիք` նա պատասխանեց. «Դա կազմակերպիչներին հարցրեք, կարող էին լինել»: Մեր հարցին` դուք ասել եք, որ կոալիցիան ձեւական բնույթ է կրում, գուցե այդ համոզմունքից ելնելո՞վ հաշվի չառաք, որ ՕԵԿ-ը բացակայում է` պարոն Օսկանյանը պատասխանեց. «Ես ասել եմ՝ այն, ինչ որ այսօր Հայաստանում կա` քաղաքագիտական իմաստով ֆորմալ է, բայց նույն զրույցում, երբ հարցրել են` ինչու դուրս չի եկել, ասել եմ` այն, ինչին ես չեմ մասնակցել` չեմ կարող գնահատական տալ: Ես կոալիցիայի իմաստը բացատրել եմ զուտ քաղաքագիտական իմաստով, այսինքն, իրոք, թե այս տարիներին ինչ հարաբերություն է եղել կոալիցիոն անդամների մեջ, ես չեմ մասնակցել եւ չեմ կարող դրան գնահատական տալ: Իսկ ՕԵԿի մասնակցության հարցը Հմայակ Հովհաննիսյանից պետք է պարզել: Բայց մենք ուզում ենք, որ այն հայտարարությունը, ինչ այսօր ընդունել ենք՝ բաց լինի բոլորին: Մեր առաջ այսօր առավել կարեւոր խնդիր,քան ազատ, արդար ընտրություններ անցկացնելը, իսկապես չկա: Դա համազգային խնդիր է, բոլորիս համար կարեւորագույն խնդիր է: Եթե մի անգամ էլ մենք անցկացնենք ընտրություն, որին ժողովուրդը չի հավատում, մենք հաջորդ 5 տարիներին ոչ մի առաջընթաց չենք ունենալու, ով ուզում է ընտրվի` թող ընտրվի արդար, պարտվողները թող շնորհավորեն»:

Լրագրողների հետ զրույցում պարոն Օսկանյանը նաեւ նշեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ է ասել, որ կոալիցիան ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ առանձին-առանձին պայքարը չի սկսվել. «Հենց որ ընտրարշավը սկսում է արդեն, ամեն մեկն իր այլընտրանքը պիտի ներկայացնի: Եթե կոալիցիայի ներսում մի կուսակցություն մեծամասնություն ունի` դա արդեն ֆորմալ է»:

Մեր հիշեցմանը, որ ՀՀԿ անդամները, օրինակ` Գագիկ Մինասյանն ասել էր, որ Վարդան Օսկանյանի հայտարարությունը վարկաբեկում է ԲՀԿ-ն` պարոն Օսկանյանը չցանկացավ մեկնաբանել` ասելով, որ դա իր կարծիքն է:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք, որ դուք արտահայտում եք ձեր կուսակցության դիրքորոշման հետ չհամընկնող կարծիք` պարոն Օսկանյանը եւս մեկ անգամ նշեց, որ ինքը տվել է ընդամենը քաղաքագիտական գնահատական. «Թե ինչպես է եղել այս տարիներին ԲՀԿի, ՕԵԿի, ՀՀԿի հարաբերությունները, իրար լսել են, չեն լսել` չեմ կարող ասել, որովհետեւ ես այնտեղ ներկայություն չեմ ունեցել, դա իրենք պետք է ասեն»:

Իսկ թե միասնական շտաբով իսկապե՞ս ԲՀԿ-ն հավատում է, որ ինչ-որ բան կփոխվի, պարոն Օսկանյանն ասաց, որ եթե ժողովուրդը չի ուզում, որ ինչ-որ բան փոխվի` թող չփոխվի. «Միգուցե մենք ենք սխալ գնահատական տալիս: Եթե ժողովուրդը գոհ է իր վիճակից ` թող չփոխի: Եթե դժգոհ է` թող փոխի, այսօր լուրջ այլընտրանքներ կան: ես ԲՀԿի անունից կարող եմ խոսել, որ լրջագույն այլընտրանք է ԲՀԿն»:

Միասնական շտաբ ստեղծելու հայտարարության տակ ստորագրել է Վարդան Օսկանյանը, իսկ թե ԲՀԿ ղեկավարը կստորագրի՞ այն եւ համաձայն կլինի՞ նրա հետ` պարոն Օսկանյանը հստակ չնշեց. «Ես կարծում եմ, ընդհանուր շտաբն ընդամենը կարող է նպաստել` ազատ, արդար ընտրությունների անցկացման համար: Վերջիվերջո քաղաքական կամք է պետք, հատկապես իշխանություններին: Շտաբը կարող է խախտումներին հետեւի, բայց ես կարծում եմ, որ առաջին հերթին իշխանությունները պետք է գիտակցեն, որ 20 տարի անց իրոք պետք է կարողանանք մեր ժողովրդի համար արդար ընտրություններ անցկացնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30