Այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արմեն Սահակյանն օրերս ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, այդ պաշտոնը մնում է թափուր:
Aravot.am-ի աղբյուրների մատուցմամբ, այդ պաշտոնում նոր պետի նշանակման շուրջ այս օրերին բանակում սկսվել են ակտիվ քննարկումներ: Մասնավորապես, բանակի բարձրաստիճան սպաները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին առաջարկել են ՌՈ պետի պաշտոնում նշանակել մի թեկնածուի, որը ՌՈ համակարգում աշխատանքային մեծ փորձ կունենա, կվայելի անձնակազմի հարգանքն ու պարտադիր կերպով մասնակցած կլինի մարտական գործողություններին: Այսպիսով, որոշակիացվել է ռազմական ոստիկանապետի՝ այս չափանիշներին համապատասխանող թեկնածուների շրջանակը: Դրանք երեքն են՝ ՌՈ վարչության պետի ներկայիս տեղակալ, գնդապետ Յուրա Ղարիբյանը, ՌՈ Արմավիրի կայազորի նախկին բաժնի պետ Գրիշա Սարգսյանը, որը հայտնի է «Ժարիտ» մականունով եւ «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահն է, նաեւ ՌՈ վարչության նախկին աշխատակից, գնդապետ Հովիկ Վարդանյանը, որը հայտնի է «Լիդեր» մականունով: Վերջինս, ի դեպ, նախկինում էլ մի շարք բարձր պաշտոններ է զբաղեցրել ՊՆ եւ Ոստիկանության համակարգերում: Ի դեպ, Հովիկ Վարդանյանը ՀՀ նախկին ոստիկանապետի օգնականն էր, եւ ոստիկանությունից հեռացավ նորանշանակ Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցած անձնական տարաձայնությունների պատճառով:
Հիշեցնենք, որ ՌՈ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակվելուց ի վեր՝ 2010թ., ՌՈ վարչության արդեն երկու պետեր են պաշտոնանկ արվել. նախ՝ գնդապետ Արամ Տեր-Սահակյանը, ապա նաեւ 2011-ին նրան այդ պաշտոնում փոխարինած գնդապետ Արմեն Սահակյանը:
Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, Արմեն Սահակյանի պաշտոնանկության պատճառ է դարձել վերջերս Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության շենքում ժամկետային զինծառայող Արսեն Գրիգորյանին դաժանաբար ծեծելու փաստը, որին մասնակցել էին Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Ոփանյանը եւ քննչական բաժանմունքի հետաքննիչ Ա. Ավագյանը:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ



















































