
Բացելով հանդիպումը եւ ներկայացնելով աշխատանքային խմբի առաքելությունը` պարոն Նիկոյանը մասնակիցներին հորդորեց ի սկզբանե լինել միմյանց նկատմամբ հանդուրժող, ապահովել աշխատանքային ներդաշնակ մթնոլորտ, ինչը մասնակից յուրաքանչյուր կողմին հնարավորություն կտա անկաշկանդ ներկայացնել իր մոտեցումները, դիրքորոշումները, առաջարկները:
Նշվեց, որ աշխատանքային խմբի հիմնական գործառույթներից են լինելու ՀՀ «Ընտրական օրենսգրքի» կիրարկման մոնիթորինգը, դրանում կատարված փոփոխությունների կենսունակության դիտարկումը, ինչպես նաեւ արձագանքումն ու կանխումն այն դրսեւորումների, որոնք չեն բխի գործող օրենսդրությունից:
Կոնսեսուսով որոշվեց, որ աշխատանքային խմբում կարող են ընդգրկվել խորհրդարանական ընտրությունների համար գրանցված քաղաքական ուժերը` յուրաքանչյուրը մեկական ներկայացուցչով:
Կարդացեք նաև
Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեցող հասարակական կազմակերպություններին, իրենց իսկ` ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկով, խմբում կներկայացնեն իրենց կողմից ընտրված երեք կազմակերպությունները` դարձյալ մեկական մասնակցով: Վերջիններս օժտված կլինեն նույն լիազորություններով, ինչ քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիների մասնակցության միասնական կարծիքը ներկայացրեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոստրան. որոշվել է, որ միջազգային կազմակերպությունները խմբի աշխատանքներին կմասնակցեն դիտորդի կարգավիճակով:
Ինչ վերաբերում է աշխատանքային խմբի գործունեության խնդիրների ու նպատակների վերջնական ձեւակերպումներին, ապա հավաքի մասնակիցները որոշեցին մեկ անգամ եւս եղած առաջարկները քննարկել իրենց կուսակցություններում եւ կազմակերպություններում ու վերջնական տարբերակը հաստատել աշխատանքային խմբի հաջորդ նիստում:
Որոշվեց, որ նիստերի նախագահությունը կիրականացվի հաջորդաբար` ըստ այբբենական կարգի: «Իմ նպատակն է, որ ապահովվեն մասնակից բոլոր կողմերի հավասար ներկայացվածությունն ու մասնակցությունը»,-իր առաջարկը հիմնավորեց ՀՀ ԱԺ նախագահը:


















































