
Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության և մշակույթի գործիչներ:
Նախքան Պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետին և Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար: Հայրապետական թափորի ընթացքում ամպհովանակիրներն էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամներ Արիս Ադամյանը, Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Արևմտյան Ամերիկայի Շրջանակային հանձնաժողովի ատենապետ Հայկ Մսրլյանը և ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը: Ս. Պատարագին Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Հայոց բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին:
Կարդացեք նաև
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՊԱՏԳԱՄԸ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:
ՙԱստուած` որ և զՏէրն յարոյց, և զձեզ յարուսցէ զօրութեամբ Իւրով՚
(Ա Կորնթ. Զ 14):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Քրիստոսի հրաշափառ հարության տոնի արշալույսն է վերստին բացվել և լուսազարդել աշխարհը: Տոնական բերկրանքն է թևածում մեր հոգիներում, խնդությունն է պարուրել մեր սրտերը: Մեր ցնծությունն այսօր միախառնվում է առաքյալների ուրախությանը, ովքեր եղան առաջին վկաները Քրիստոսի հարության: Կիրակի էր օրը, կյանքն ընթանում էր սովորականի պես, մարդիկ ապրում էին իրենց առօրյայով, բայց ամեն բան փոխվել էր աշակերտների ու նրանց համար, ովքեր տեսան թափուր գերեզմանը, լսեցին բարի լուրը և ընդունեցին Քրիստոսի հարության հրաշազարդ իրողությունը: Նրանք լցվեցին հարուցյալ կյանքի ու փրկության հույսով, զորացան հավատքով և հարության կենսաբեր ավետիսը սփռեցին երկրի չորս ծագերում` ազդարարելով. ՙԱստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ՚:
Աշխարհակեցույց այդ օրը մարդն ու տիեզերքը նորոգվեցին: Մեր Տերը` Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը և հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ: Քրիստոսի հետ զատված ենք հնից ու նոր արարած ենք (Բ Կորնթ. Ե 17), ինչպես վկայում է առաքյալը, որպեսզի երկրի վրա հարուցյալ կյանքով ընթանանք դեպի մեր Հայրը, որ երկնքում է և ժառանգենք հավիտենական կյանքը: Քրիստոսի հարության ավետիսին ունկնդիր, սիրելիներ, այսօր երախտագետ սրտով գոհություն ու փառաբանություն մատուցենք մեր Տիրոջը մեզ պարգևած փրկության շնորհի համար և հայցենք Նրա հարության կենդանարար զորությունը մեր կյանքին և համայն աշխարհին:
Աշխարհն այսօր էլ կարիքն ունի վերափոխման, կյանքի նորոգության, քանզի բեկված է խաղաղությունը, անկատար է արդարությունը, աննահանջ են չքավորությունը, պատերազմները, աղետներն ու ավերները: Տակավին ազգեր ու ժողովուրդներ քայլում են Գողգոթայի ճանապարհով, կրում գանահարության ու հալածանքների փշե պսակը, գամվում հակամարտությունների ու արյունահեղությունների խաչին: Աստվածամերժ այս ընթացքներում օրհնյալ, հարուցյալ կյանքի հույսն ու լավատեսությունն է բերում առաքյալի ավետաբեր խոսքը, որն այսօր էլ հնչում է նույն արդիականությամբ. ՙԱստուած, որ Տիրոջը յարութիւն տուեց, ձեզ էլ յարութիւն պիտի տայ Իր զօրութեամբ՚: Քրիստոսի պարգևած փրկության շնորհներն ընդունելով, հոգով վերածնվելով է, որ մարդկությունը պիտի գտնի զորությունը կյանքը վերափոխելու, վճռելու արդի աշխարհի խնդիրներն ու հրամայականները, հաղթահարելու փոթորիկները փորձանաց: Քրիստոսով նորոգված հոգիներից առատորեն պիտի բխի ու ծաղկի հաշտ ու խաղաղ, մերձավորի հանդեպ սիրով ներշաղախ կյանքը և զորանան ձգտումն ու ջանքերը` երկրի վրա կերտելու այն երանյալ իրականությունը, որն ունենա պատկերը երկնային թագավորության:

Զատկական տոնական առիթով եղբայրական սիրով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հայցում Տիրոջ հանապազ զորակցությունը տերունապատվեր իրենց առաքելության մեջ:
Հայրապետական օրհնությամբ ու բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին առաջին Տիկնոջ հետ, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով հայրենաշեն նոր ձեռքբերումներ Տիրոջ ամենառատ շնորհների ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով հաջողություններ մեր երկրների և ժողովուրդների բարեկամության ու համագործակցության ամրապնդման ջանքերում:
Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում հավատավոր սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս և աղոթք բարձրացնում, որ հարուցյալ մեր Փրկչի խաղաղությունն ու ողորմությունը և փրկարար շնորհները սփռվեն աշխարհի ու մարդկանց հոգիների վրա և պարգևեն զորություն` կառուցելու անխռով ու բարօր կյանքը մարդկության: Հայցում ենք, որ Տերն Իր օրհնության ներքո անվրդով ու ապահով, պայծառ ու անսասան պահպանի հայրենի մեր երկիրը, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և աշխարհասփյուռ ազգս հայոց, և մենք այսօր, միշտ ու հավիտյան խնդությամբ ավետենք.
Քրիստոս յարեաւ ի մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի:

















































