
Այս ամենին ընդդիմությունն առայժմ հակադրում է քաղաքացիներին ուղղված կոչն այն մասին, որ չի կարելի ձայնը ծախել 5000 դրամի կամ 10 հազար դրամի դիմաց, որովհետև այդ գնով ձեռք բերված ձայնը հետո բումերանգի նման գալու է և հարվածի այդ քաղաքացուն, նրա շահին, իրավունքին, որդու և դստեր ապագային: Միամիտ լինել պետք չէ, ու պետք չէ կարծել, թե ընդդիմությունն այդօրինակ կոչերով կարող է փոխել իրավիճակն ու նպաստել քաղաքացիական գիտակցության կտրուկ վերելքին: Իսկ երբ դրան էլ գումարվի անձնագրային աճպարարությունը, որ պատրաստում է իշխանությունը, ապա մայիսի 6-ից հետո իրականացած կլինի «անաղմուկ ընտրություն» օպերացիան, որ ծրագրում է իշխանությունը: Ընդդիմությունն ունի մոտ մեկ ամիս ժամանակ, իրավիճակը փոխելու համար:
Ի՞նչ հնարավորություններ կան այդ իրավիճակն արդյունավետ օգտագործելու համար, բացի, իհարկե, եղած կոմունիկացիաներից, երբ պարզապես քաղաքացիներին փորձ է արվում բացատրել, որ ձայն վաճառելը ելք չէ, որ այն ավելի է բարդացնում թե՛ երկրի, թե՛ հենց տվյալ քաղաքացու վիճակը: Գլխավոր հնարավորությունն ընդդիմությունը չկարողացավ օգտագործել՝ միասնական ընդդիմադիր ճակատ ընդդեմ իշխող համակարգի: Դա ենթադրում է ոչ թե ընդդեմ ՀՀԿ-ի, այլ իշխող համակարգի, այսինքն` ընդդիմությունը չկարողացավ գիծ քաշել: 2008 թվականի ընտրական աննախադեպ հաջողության գրավականը հենց այն էր, որ ընդդիմությունը հստակ գիծ էր քաշել՝ ժողովրդական շարժման և ավազակապետության միջև: Ներկայումս ընդդիմադիր դաշտը առավելապես կուսակցականացված է, անգամ Հայ ազգային կոնգրեսը, որ հանդես է գալիս իբրև ժողովրդական շարժում, իր բնույթով և գործունեության տրամաբանությամբ վերածվել է կուսակցության:
Գծի բացակայության պայմաններում դաշտը էապես լղոզվում է, իսկ լղոզված դաշտում առավելություն է ստանում իշխանությունը, քանի որ իշխանության տեխնոլոգիաներն ու գործիքները Սահմանադրության և օրենքի շրջանակից դուրս են: Իսկ Սահմանադրությունն ու օրենքը հստակ են: Հետևաբար իշխանությանը պետք չէ հստակ տիրույթ, հստակ բաժանում, պետք է լղոզում: Չորս տարի շարունակ, Սերժ Սարգսյանն իր մարտավարությամբ հենց դրան էլ ձգտում էր՝ հնարավորինս լղոզել դաշտը, հնարավորինս խառնել գույները: Նրան դա էապես հաջողվեց: Ընդ որում` շատ հարցերում նրան օգնեցին ու շարունակում են օգնել հենց իրենք ընդդիմադիրները, անիմաստ վիճաբանության բռնվելով միմյանց դեմ, խանդելով իրար:
Կարո՞ղ է արդյոք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ընդդիմությունը փոխել այդ իրավիճակը: Տվյալ դեպքում ընդդիմության առաջ դրված է քաղաքականությունը հնարավորի արվեստից անհնարի գիտության վերածելու խնդիրը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ չորս տարի շարունակ դաշտը լղոզելու հարցում Սերժ Սարգսյանին կամա, թե ակամա օգնած ընդդիմությունը կկարողանա չորս տարվա սխալները շտկել չորս շաբաթում: Բայց, մյուս կողմից, ընդդիմությունն իր առաջ ունի սխալների գրեթե ամբողջական վերլուծություն անելու ռեսուրսը և եթե ինտենսիվորեն զբաղվի դրանով, ապա թերևս չորս շաբաթում կկարողանա գտնել իրավիճակը փոխելու առնվազն չորս տարբերակ՝ իշխանության և ժողովրդի միջև մեկ հստակ գիծ քաշելու համար:
«Ժամանակ»


















































