
«Ազատություն» ռադիոկայանի եւ Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մովսիսյանը հավաստիացրեց, որ երկրի իշխանություններից հրահանգ են ստացել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու. «Մենք ուզում ենք երկիրը առաջ տանել, ոչ թե արջի ծառայություն մատուցելով երկրի իմիջը գցենք: Դա չի լինի»:
Ի դեպ, կուսակցական եւ հանրապետության ղեկավարին դիմավորելու համար մարզային եւ տեղական իշխանությունները լավագույնս են պատրաստվել. նախընտրական որեւէ ատրիբուտիկա չի անտեսվել: Արդեն մեկ ժամից ավելի է՝ նախագահին դիմավորելու համար գույնզգույն փուչիկներով սպասում են անգամ տեղի մանկապարտեզի սաները: Էլ դպրոցական նվագախումբ, էլ դպրոցական պարային խումբ, Հանրապետականի զանազան ու բազմազան պաստառներ… Մարդիկ են բերվել անգամ հարակից գյուղերից: Այս պահին Փարաքար գյուղում այնպիսի աշխուժություն է, ինչպիսին չի եղել թերեւս 2008-ի նախագահական քարոզարշավից մինչ օրս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































