
Նախագահը Արարատյան դաշտավայրի բնակչությանը կոչ արեց ամուր կառչել իրենց հողից, քանի որ հիմա էլ ժողովրդագրական իմաստով Հայաստանի պատկերը մխիթարական չէ, բնակչության 1/3-ը կենտրոնացված է Երեւանում. «Եթե ինձ հարցնեն, ես հաճույքով այստեղ կապրեմ, քան թե Երեւանում: Ասածս միայն մի բան է նշանակում, որ այդ տարբերությունը պետք է վերացնենք»: Դրա համար նախագահը հայցում է հանրության օգնությունը: Նրա տպավորությամբ մեր գյուղերում հողի վրա աշխատող մարդու պակաս կա, մինչդեռ Արարատյան դաշտավայրի հողերը մեզ կերակրող հողեր են եւ դրանց վրա աշխատելով կարելի է արժանապատիվ ապրել: Իր հերթին խոստացավ, որ կառավարությունն ավելացնելու է իր պարտավորությունները եւ կատարելու է դրանք. «Ես էլ կցանկանամ, որ ոռոգման ջուրն անվճար լինի, պարարտանյութն այնքան էժան լինի, որ մարդիկ չզգան ինչպես են առնում, բայց էժան բան դժվար է գտնել, շատ դեպքերում՝ անհնարին: Ես հասկանում եմ, որ ակնկալիքները մեծ են»,- ասաց նախագահը՝ հավելելով, որ իշխանությունները շարունակելու են ջանքերն ավելացնել նաեւ գյուղի ու գյուղացու համար հարմարավետ կյանք ապահովելու համար: «Ես նրա համար չեմ, որպեսզի մանր-մունր խոստումներ տամ: Ես ձեզ խոստանում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր երկիրն ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր զարգանա: Որ այդ երկրում ընտրություններն անցկացնելուց հետո չավելանան իրար թշնամի մարդիկ, այլ պակասեն: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը հասկանան, մտածեն, որ մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7, որ կյանքը դրանով չի ավարտվում, որ սա կյանքի ու մահու պայքար չէ, որ պետք չէ ուրիշներին սեւացնել, թերագնահատել, հանիրավի քննադատել»,- ասաց նախագահը:
Նա կոչ արեց նաեւ հավատալ ու վստահել Հրանտ Գրիգորյանին, ով այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական պատգամավորն է:
Ի դեպ, Հայթաղում նախագահը 15-20 րոպեանոց զրույցի բռնվեց նաեւ տեղի բնակչության հետ: Թե ինչի մասին էին խոսում հայթաղցիները նախագահի հետ՝ կներկայացնենք առաջիկայում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































