
Aravot.am-ի հետ զրույցում ինքնաբացարկ հայտնած Դավիթ Առաքելյանը ձեռնպահ մնաց մեկաբանություններից եւ մեր հարցին՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, որոշեց հիմա ինքնաբացարկ հայտնել ու արդյոք դա կապվա՞ծ է «Ժառանգության» համամասնական ցուցակով ընտրություններին մասնակցության շուրջ «Ազատ դեմոկրատներում» առկա որոշակի տարակարծությունների հետ՝ պատասխանեց. «Առանց մեկնաբանությունների, խնդրում եմ»: Այդուհանդերձ, նա հստակ պատասխանեց մեր մեկ այլ հարցին՝ արդյոք ինքը դո՞ւրս է եկել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից կամ նման մտադրություն ունի՞: «Ոչ, դուրս չեմ եկել, առայժմ չեմ էլ պատրաստվում: Չեմ կարծում, որ այդպիսի օր կարող է լինել»,- հայտարարեց Դավիթ Առաքելյանը:
«Ազատ դեմոկրատների» նախագահ եւ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, թե որեւէ մեկնաբանություն չի ուզում անել, բայցեւ հավելեց. «Դավիթ Առաքելյանն իմ լավ ընկերն է ու շարունակում է այդպիսին մնալ: Ամեն մարդ ինքն է որոշում իր պայքարի ձեւը։ Մենք բոլորս, այդ թվում՝ Դավիթ Առաքելյանը, միշտ պայքարել ենք այն բանի համար, որ ցանկացած մարդ հնարավորություն ունենա որոշում կայացնելու եւ իր՝ մյուսներից տարբերվող կարծիքը հայտնելու: Կարծում եմ, այստեղ որեւէ խնդիր չկա, եւ նրա որոշումը նորմալ եմ համարում: Եթե նա որոշում է, որ պայքարի այդ ձեւը հարմար չէ, կամ պայքարի այլ մեթոդներ է ընտրում՝ դա շատ նորմալ է ու բարոյական»:
Ինչ վերաբերում է ինքնաբացարկ հայտնած Երվանդ Զուրաբյանին, ապա Քոքոբելյանը մեզ հետ զրույցում ասաց, թե նա այդ պահին էլ նախընտրական շտաբում է ու շարունակում է իր ակտիվ մասնակցությունը բերել նախընտրական արշավին:
Հիշեցնենք, որ Դավիթ Առաքելյանն ու Երվանզ Զուրաբյանն այն գործիչներն են, որոնք 2010թ.-ին ՀՀՇ վարչությունն ու կուսակցության շարքերը լքեցին՝ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի եւ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ միասին:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































