
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնը շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` տեղեկացրեց, որ մայիսի 3-4-ը Հայաստան կժամանեն 30 հոգուց բաղկացած ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամները:
Բարոնուհու խնդրանքով «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրեցին ընտրական գործընթացներին առնչվող եւ իրենց մտահոգող հարցերը:
Մասնավորապես, ըստ Ստյոպա Սաֆարյանի` ընդդիմադիր դաշտում գործող կուսակցությունները գտնվում են մրցակցային անհավասար դաշտում, քանի որ իշխանության ձեռքին են գտնվում վարչական ռեսուրսները: Նրա կարծիքով` բարեգործության անվան տակ հատկապես գյուղական համայնքներում բաժանվում են տարբեր նվերներ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Անուշ Սեդրակյանը նշեց, թե իրականացվում են, այսպես ասած` քողարկված ընտրակաշառքներ, երբ որոշակիորեն թանկ ապրանքը վաճառվում է համեմատաբար ցածր գնով:
Կարդացեք նաև
Ըստ «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչների` նախընտրական շրջանում, ինչպես նաեւ բուն ընտրությունների օրը տեղի են ունենում բռնարարքներ, ուռճացվում են ընտրական ցուցակները:
Անդրադառնալով մեծամասնական համակարգով կայանալիք ընտրություններին` Ստյոպա Սաֆարյանը նկատեց, որ այս դաշտում եւս ընդդիմադիր թեկնածուները հանդիպում են դժվարությունների: Դրանցից է, օրինակ, նախընտրական շտաբի համար տարածք վարձակալելու հարցը: Ըստ նրա` տարածքների տերերը հրաժարվում են դրանք վարձակալության հանձնել ընդդիմադիր թեկնածուներին:
ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը կարծիք հայտնեց, որ նմանօրինակ խնդիրներ առկա են ողջ աշխարհում, ուստի այդ իմաստով Հայաստանը բացառություն չէ:
Բարոնուհի Էմմա Նիքոլսոնը «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներին խնդրեց գրավոր իրեն տրամադրել ներկայացված մտահոգություններն ու հարցերը, որպեսզի մայիսին Հայաստան ժամանող ԵԽԽՎ դիտորդական առաքելության անդամներն առավել հստակ պատկերացնեն բոլոր խնդիրները:

Խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանական ընտրություններին հետեւելու պատրաստակամություն հայտնած պատվիրակության անդամներին` հույս հայտնելով, որ նրանց դիտորդական առաքելությունը կհաջողվի ու արդյունավետ կլինի:
Վահան Հովհաննիսյանը, խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Արծվիկ Մինասյանը ներկայացրին նախընտրական փուլի եւ բուն ընտրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Որոշ հանգամանքներով պայմանավորված` պատգամավորները վերապահումով են վերաբերվում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությանը: Լիլիթ Գալստյանի կարծիքով` սոցիալ-տնտեսական վիճակը եւ աղքատության բարձր ցուցանիշը խոցելի են դարձնում քաղաքացուն ազատ ընտրելու եւ արտահայտվելու հարցում: Պատգամավորը պատճառներից մեկը համարեց նաեւ քաղաքական մշակույթի բացակայությունը, երբ ընտրություն է կատարվում ոչ թե գաղափարախոսությունից ելնելով, այլ տարբեր չափանիշներով առաջնորդվելով: ՀՅԴ պատգամավորները մտավախություն հայտնեցին վարչական ռեսուրսների հնարավոր օգտագործման, քարոզչական անհավասար պայմանների, անձնագրերի հավաքագրման` իրենց հասած լուրերի վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ընտրություններին վերաբերող այլ խնդիրների, խոսվեց միասնական շտաբ ձեւավորելու անհրաժեշտության եւ ջանքերը համատեղելով ընտրությունները վերահսկելու արդյունավետության մասին: Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ իրենց նախաձեռնած «Քվեն ուժ է» հասարակական շարժումը բաց է բոլորի համար եւ կարող է համագործակության լավ հարթակ դառնալ: Այդուհանդերձ` ՀՅԴ-ն քաղաքական այլ ուժերի հետ համագործակցում է նաեւ երկու կառույցում` ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբում եւ ընդդիմադիր ուժերի ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միասնական շտաբում:
Խմբակցության անդամները կարեւորեցին դիտորդների երկարաժամկետ եւ մեծաքանակ ներկայությունն ընտրական փուլում` ժողովրդավարական չափանիշերին համապատասխան ընտրություն անցկացնելու համար:

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց իրենց կուսակցության աշխատանքը թե քարոզարշավի նախապատրաստական փուլում, թե քարոզարշավի ընթացքում: Նա նշեց, որ ԲՀԿ-ն մասնակցում է ընտրությունների ազատ եւ արդար ընթացքը վերահսկող թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության հետ ձեւավորված ձեւաչափի, թե ԱԺ նախագահին կից ստեղծված մոնիթորինգային խմբի, թե պատգամավոր Դավիթ Հարությունյանի նախաձեռնության աշխատանքներին:
Անդրադարձ եղավ տարբեր քաղաքական ուժերին ու ԲՀԿ-ին մտահոգող ընտրացուցակների խնդրին, այդ առիթով մամուլում եղած հրապարակումներին, մեկ հասցեում մի քանի տասնյակից ավելի գրանցումներին, կրկնակի անձնագրերի վերաբերյալ հրապարակումներին: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ընտրացուցակները ԲՀԿ տարածքային կառույցներում մանրամասնորեն ճշգրտվում են հրապարակման օրվանից, որի վերաբերյալ միջազգային դիտորդներին համապարփակ տեղեկատվություն կներկայացվի աշխատանքն ամփոփելուց հետո:


















































