Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Բարոյական հաղթանակը կա, սպասենք մյուսներին» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2012 16:55

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) գիտական խորհրդի ընդլայնված արտահերթ նիստում քննարկվեց ԿԳ նախարարության կողմից 12.04.2012թ. կազմված ԵՊԼՀ-ի նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների մասին ակտը:

Ի դեպ, ոչ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ոչ էլ ԿԳ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր այս նիստին, չնայած Զոլյան- Աշոտյան «փոխհրաձգությունը» ստացել է մեծ հնչեղություն:

Պրոռեկտորներ Գաբրիել Բալայանը եւ Գոհար Ավետիսյանը դիտարկեցին ակտը իրավական եւ բովանդակային տեսանկյուններից եւ մի շարք օրինակներով այն խոցելի համարեցին:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «լուրջ խախտումներ» արտահայտությանը, Գաբրիել Բալայանը հեգնանքով նշեց, որ այդկերպ Քրեական օրենսգրքի 390 հոդվածով սահմանվում են մի շարք արարքներ, ինչպես սպանությունը, խոշտանգումները եւ անմարդկային վերաբերմունքը, ներառյալ` կենսաբանական փորձերը, դիտավորությամբ լուրջ տառապանք պատճառելը եւ այլն, որոնք պատժվում են 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ: «Մի՞թե այդ եզրույթը արժեր կիրառել բուհի նկատմամբ»,-զարմանում է պրոռեկտորը ու հավելում, որ լուրջ խախտումները պետք է փաստել ակտով եւ ոչ թե հայտարարությունների մակարդակով:

Գոհար Ավետիսյանը նշեց, որ ակտում արձանագրված են հիմնականում խմբագրական բնույթի դիտողություններ եւ տեխնիկական բնույթի անճշտություններ: Նրա խոսքով, իրականությանը չեն համապատասխանում գոյություն չունեցող մասնագիտությունների վերաբերյալ պնդումները, քանի որ «Երկրագիտություն» (Area Stuidies, Regional Studies, Civilisation) ուսումնական ծրագրի մասնագիտական կառուցամասը համապատասխանում է միջազգային պրակտիկային:

Բուհի դասախոսներից Նելսոն Ներսիսյանը իր ռեպլիկում հայտարարեց, թե իրավական պրակտիկայում ընդունված է այն, որ եթե պատասխանող կողմը չի հերքում քո դիտողությունները, ուրեմն ընդունում է դրանք .«Իսկ ԿԳ նախարարությունը դրանց չի արձագանքել»:

ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի դասախոս Նվարդ Մանասյանին զայրացրել էր, որ իրենց մոտ ստուգող խումբ է եկել ու իր ձեւակերպմամբ՝ ընկել մանր բաների՝ չակերտ, ստորակետ-փակագծի հետեւից: Ուսումնասիրությունները նա որակեց աուդիտի աղճատված տարբերակ ու զայրացավ՝ ինչու ավելի գլոբալ բաներ չեն ստուգել, ու ընդամենը բավարարվել են «կեղտ բռնելով»:

ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանն էլ ժպտալով ասաց, որ եթե ուղղորդված ստուգումների արդյունքում չակերտից ու փակագծից բացի, բան չեն գտել, ուրեմն բուհը իսկապես լավ է աշխատում: Նրա այս հայտարարությունից հետո դահլիճը պայթեց ծափահարություններից:

ԵՊԼՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, մարդու իրավունքների, եվրոպագիտության և ժողովրդավարության ամբիոնի վարիչ Տիգրան Թորոսյանը անդրադառնալով հարցի վերաբերյալ Facebook-յան քննարկումներին՝ ասաց. «Տարբեր իրավիճակներում տարբեր մարդկանց ձեռքին հայտնվում են գործիքներ, որոնք մարդիկ օգտագործում են ըստ տեղի եւ ցանկության: Դա անցանկալի բան է հատկապես նախարարի պարագայում»: Նա նաեւ նշեց, որ Սուրեն Զոլյանի՝ Ստրասբուրգ մեկնելը նախարարի կողմից ոչ նպատակահարմար համարելը արդարացված չէր. «Էդ ի՞նչ արտառոց բան էր պատահել մեր երկրում, հո ջրհեղեղ չէ՞ր եղել…պետք է ավելի լուրջ վերաբերվենք նման բաներին, ոչ թե վերածենք տղայական կռվշտոցի, ինչը եւ ծիծաղելի է, եւ ողբերգական»:

Նիստի ավարտին Սուրեն Զոլյանը նշեց, որ եւս մեկ հրավեր ունի Եվրոպայից ու անպայման մեկնելու է, անկախ նրանից՝ նոր նկատողություն կստանա, թե՝ ոչ: Խոսքը վերաբերում էր «Լեզվական քաղաքականությունը եւ դասավանդումը բուհերում» խորագրով միջազգային հեղինակավոր գիտաժողովին:

Aravot.am-ը պարոն Զոլյանին խնդրեց մեկնաբանել տարածված այն տեսակետը, թե ինքը բարոյական հաղթանակ է տարել, բուհի եւ իր վարկանիշը բարձրացել է, սակայն այդ ամենի հետ մեկտեղ կասկածի տակ է իր՝ որպես ռեկտոր հետագա պաշտոնավարումը:

«Տվյալ դեպքում պաշտոնավարումը ինձ համար ընդամենը պայման է ինչ-որ գործ անելու համար, այս բոլոր քննարկումները ցույց տվեցին, որ գործն իսկապես լավ է գնում, այդքան ստուգումներից հետո ոչ մի բան չի հայտնաբերվել, իսկ այն, ինչ համարվումէ լուրջ խախտում, թյուրիմացության արդյունք է կամ ուղղակի ճիշտ չպատկերացնելու, թե ինչի մասին է խոսքը: Կամ գուցե միտում կա, որ կպարզվի դատավարության ժամանակ: Ինչպես տեսաք՝ ես ստացա հանձնարարական մտնել դատարան: Այնպես որ, բարոյական հաղթանակը կա, սպասենք մյուս հաղթանակներին»,-ասաց նա:

Իսկ նախարարությունից նիստին որեւէ մեկի ներկա չգտնվելու մասին էլ ռեկտորն ասաց. «Միգուցե շատ զբաղված են եղել, բայց հրամանը գրված է այսպես՝ այդ հրամանի վերահսկողությունը վերապահում եմ ինձ: Այսինքն՝ պարոն Աշոտյանի անձնական հսկողության տակ է ստուգումը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30