
Ելույթ ունեցավ ՀՅԴ ներկայացուցիչ, ԿԳ նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա ասաց, թե ժողովրդի ուզածը շատ բան չէ՝ իր հայրենիքի ամբողջական տարածքում ապահով, երջանիկ ու արդար հասարակություն կառուցի,ուզում է ազատ, անկախ, միացյալ Հայաստան:
«Ձեզ է դիմում մի կուսակցություն, որը հայրենիք վերադարձավ եւ իր մասնակցությունն ունեցավ արցախյան ազատամարտում: Այսօր էլ Դաշնակցությունը ձեզ հետ է, որպեսզի այս պետությունը կառուցվի ազգային սկզբունքներով»,- ասաց Լեւոն Մկրտչյանը: Նա ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսը՝ «Ազատություն, արդարություն, դաշնակցություն» այսպես մատուցեց գավառցիներին. «Մենք Հայաստանի ապագան տեսնում ենք ազատ, իրար սիրող եւ ուժեղ, արդար հասարակության մեջ: Միայն այդպիսի հասարակությունը կարող է իր երկիրը պաշտպանել եւ ճանապարհ հարթել դեպի երջանիկ ապագա»:
Մկրտչյանը գավառցիներին կոչ արեց քվեարկել Դաշնակցության համար, որովհետեւ, նրա ասելով, այսօր դեռեւս հազար հարցականներ ունեցող զարգացումներում մենք չգիտենք, թե մեր երկրին ինչ է սպասվում: «Ձեր ձայնից է կախված, թե ինչպիսի ներկայություն կունենա ՀՅԴ-ն ապագա խորհրդարանում, իսկ Դաշնակցության ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ այս ժողովուրդը ցանկացած պարագայում ուեննալու է իրեն ու իր ազգային նպատակներին նվիրված քաղաքական ուժ: Մեր ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ մեր հայրենիքն ու Սփյուռքը միասնական են, որ մենք մեր հայրենիքի փոքր տարածքի վրա կառուցում ենք մեր մեծ հայրենիքը՝ ապագա անկախ ու միացյալ Հայաստան, որ ոչ ոք չի կարող սակարկել մեր մեր ազգային իրավունքների համար: Մեր ներկայությունը խորհրդարանում նշանակում է, որ մենք պայքարելու ենք յուրաքանչյուր հայի բարեկեցության համար»,- ասաց Լեւոն Մկրտչյանը՝ հավելելով, թե որքան մարդիկ թիկունք լինեն ու աջակցեն Դաշնակցությանը, «այնքան նա վաղը կարող է աջակից ու թիկունք լինել նրանց, ու այդքան ավելի ազգային կլինի մեր պետությունն, ու ավելի արժանապատիվ ու վստահ կխոսենք մեր հարեւանների ու աշխարհի հետ»:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































