
Պարոն Բագրատյանը նաեւ նշեց, որ դամավարկային քաղաքականության մեջ լուրջ անելիքներ կան, պետք է այնպես անել, որ դրսից եկող տրանսֆերտները չդառնան պատուհաս մեր գլխին. «Մենք անընդհատ տրանսֆերտներ ենք ստանալու, պետք է բացառենք դրամի արժեւորումը: ԿԲ-ն պետք է գնի փողի որոշակի քանակություն, դա կբերի ինֆլյացիոն ճնշումների, սրա միակ պայքարի ձեւը մրցակցության բարձրացումն է: Իրավունք չունի բենզինը լինի այսքան թանկ, Հայաստանում ամենաթանկ բենզինն է, ճիշտ գինը՝ գին հանած հարկերն է, իսկ Հայաստանում մի լիտրից շատ քիչ հարկ են մուծում, եթե օրենքով մուծում են, իհարկե: Շաքարավազն իրավունք չունի այսքան թանկ լինի, 200-ով էլ բերող կա»:
Հրանտ Բագրատյանը նաեւ նշեց, որ լուրջ էներգետիկ խնդիր ունենք, որովհետեւ ատոմակայանը պիտի փակվի, դրա համար անհրաժեշտ է պահեստային ջրավազաններ կառուցել, կրկինակի սնուցման կաբելներ անցկացնել. «Մենք պիտի հաշվի առնենք, որ գոյություն ունի մետաղի տարիք, գուցե մի 15 տարի էլ շահագործենք, ոչ մի բան չպատահի, բայց գուցեեւ պատահի: Այն ժամանակ, երբ կառուցեցինք, մտածում էինք, որ այն կծառայի մինչեւ 2010-ը: Երբ կստիպեն ատոմակայանը կանգնեցնելու եւ նորը չենք ունենա, ես մտավախություն ունեմ, որ կամ էլեկտրաէներգիան շատ թանկ է լինելու, կամ նորից մութ է լինելու: Քոչարյանի ժամանակ մի դոլարով արտադրում էինք 7 դոլարի էներգիա: ՌԴ-ում 1 դոլարի էներգոռեսուրսին արտադրում էին 2.8 դոլարի էներգիա: Հիմա արտադրում ենք 1 դոլարի դիմաց 5 դոլարի էներգիա եւ արդեն զիջում ենք Վրաստանին ու Ադրբեջանին: Մենք քամու լուրջ պոտենցիալ չունենք Հայաստանում, ՀԷԿ-երն ընդանրապես սահմանափակ են, որովհետեւ 90-ականներին կառուցված տասնյակ միկրոհէկեր չեն աշխատում՝ ստեղծելով էկոլոգիական լուրջ պրոբլեմներ»:
Գործարարներից մեկի հարցին , թե ՀԱԿ-ը ինչ է առաջարկում հարկային վարչարարության հարցում, պարոն Բագրատյանը պատասխանեց, որ գործող համակարգից իրենց պատկերացումները շատ տարբեր են. «Չկա մի խորովածանոցից սկսած որեւէ բան, որ հարկային տեսուչի գրպանը փող չդնի՝ կաշառքի տեսքով: Կադրային քաղաքականություն պետք է իրականացվի եւ փոխվի ՊԵԿ-ի պետը, վերջապես լինի չինովնիկ, որը գործարարությամբ չի զբաղվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

















































