
Ինչպես արդեն հայտնել էինք, ապրիլի 20-ին, ժամը 11:00-ին նշանակվել էր նախնական դատական նիստին: Նախնական դատական նիստին ներկայացել էին հայցվոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը, հայցվոր Դավիթ Բադալյանը և պատասխանողի ներկայացուցիչ Աշխեն Ղարսլյանը: Դատավարության մյուս մասնակիցները, պատշաճ ձևով ծանուցված լինելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին, դատական նիստին չէին ներկայացել:
Դատարանը, լսելով դատավարությանը ներկա մասնակիցների դրական կարծիքները, որոշեց նախնական դատական նիստն իրականացնել մյուս հայցվորների բացակայությամբ:
Դատական նիստում հայցվոր Զարուհի Փոստանջյանի ներկայացուցչի խնդրանքով քննարկվեցին վիճարկվող վարչական ակտերին վերաբերող վարչական վարույթի ողջ նյութերը, ինչպես նաև հայցին առնչվող` պատասխանողի տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այլ փաստաթղթեր պատասխանողի կողմից հայցվորներին տրամադրելու հարցը:
Պատասխանողը հայտնեց, որ պահանջված բոլոր փաստաթղթերը կներկայացնի դատարան և հայցվորներին:
2012 թվականի ապրիլի 19-ին «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ն գործով որպես երրորդ անձ ներգրավվելու մասին դիմում էր ներկայացրել դատարան` այն հիմնավորմամբ, որ կառուցապատման հայտ ներկայացվել է ընկերության կողմից, հետևաբար գործով կայացվելիք դատական ակտը կանդրադառնա նաև ընկերության իրավունքներին:
Դատարանը, հաշվի առնելով կողմերի դրական կարծիքները, որոշեց բավարարել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի դիմումը և վերջինիս ներգրավել որպես երրորդ անձ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը դատարան և հայցվորներին ապացույցներ ներկայացնելու խնդիր ունի, որոնց ծանոթանալու պայմաններում հայցվորները հայցի կապակցությամբ պետք է ներկայացնեն լրացուցիչ դիրքորոշում, ինչպես նաև այն, որ գործով երրորդ անձ ներգրավված ընկերությունն ունի հայցի կապակցությամբ դիրքորոշում ներկայացնելու իրավունք, դատարանը որոշեց նախնական դատական նիստ նշանակել 2012 թվականի մայիսի 10-ին, ժամը 14:00-ին:
Արսեն Բաբայան
ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ

















































