
ՊՆ սոցիալական վարչությունից Նոյեմբերյանի զինկոմիսարիատին հայտնել են, որ Յուրիկ Անանյանը 2006թ. պայմանագրային զինծառայության է անցել օրենքի խախտումով, այդ ժամանակ նրա տարիքը անց է եղել 45-ից, որ այդ սահմանափակումը հաստատված է կառավարության 2005թ. մի որոշմամբ: Այդ պատճառով նրա վերջին 4 տարի 5 ամսվա զինծառայությունը զինվորական ստաժ չեն համարում: Իսկ առանց այդ 4 տարիների ստաժի, զինվորական կենսաթոշակ ստանալու համար Յու. Անանյանի ստաժը չի բավարարում:
Ծառայության ընթացքում քայքայվել է Անանյանի առողջությունը, նա բազմիցս բուժում է ստացել Վանաձորի կայազորային եւ ՀՀ կենտրոնական կայազորային հոսպիտալներում, սակայն առողջական վիճակը չի բարելավվել: Նա տարել է կլինիկական մահ: Յու. Անանյանը վրդովված է, որ սահմանագոտու վտանգավոր պայմաններում 4 տարի 5 ամսվա ծառայությունը զինվորական ստաժ չեն համարում, որ իր կնքած պայմանագրում տարիքային այդ սահմանափակման մասին նշում չկա: Նա ասում է.
-Եթե այդ ընթացքում սահմանում զոհվեի , համարելու էին, որ անօրինակա՞ն եմ զոհվել:
Կարդացեք նաև
Նա բազմիցս դիմել է պաշտպանության նախարարություն: Ապրիլի 13-ին այս կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ նախագահին: Նախագահի աշխատակազմից Անանյանի դիմումն ուղարկվել է պաշտպանության նախարարություն:
ՊՆ սոցիալական վարչության իրավաբան Արմեն Աղաբալյանը մեզ ասաց, որ այդ խնդրով պետք է զբաղվի նույն նախարարության կադրերի եւ ռազմական կրթության վարչությունը: Յուրիկ Անանյանը շուրջ երկու տարի սպասում է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


















































