Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Տրակտորի գործով պարոն Օսկանյանին հարցրեք»

Ապրիլ 24,2012 17:42

«Եթե դուք նկատի ունեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի սեփականատիրոջը եւ նրա որդուն, որը նաեւ ԱԺ պատգամավոր է, ապա պետք է ասեմ, որ տարիներ շարունակ նրանք արել են այդ գործունեությունը եւ դա կապ չունի ոչ ընտրարշավի, ոչ էլ ՀՀԿ-ի հետ: ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ին պատկանող անհատներին պետք է տարբերել»,- այսպես արձագանքեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն Aravot.am-ի այն դիտարկմանը, որ թեեւ ամենաշատը ՀՀԿ-ն է խոսում ընտրակաշառքների դեմ, բայց ամենաշատ տեղեկություններ ստանում ենք հենց ՀՀԿ-ի կողմից տարբեր դրսեւորումների մասին, որոնք այս փուլում այլ բան, քան ընտրակաշառք չի կարելի դիտարկել: Մասնավորաբար, ներկայումս  Զանգեզուրում, Կապանում  եւ Քաջարանում ՀՀԿ-ն անվճար վիրահատություններ է անում:

Որպես Վահե Հակոբյանին եւ այդ ընտանիքը շատ լավ ճանաչող մարդ, Շարմազանովը քաջատեղյակ է նաեւ, որ նրանք ոչ միայն Զանգեզուրի բնակիչներին են օգնել, այլ նաեւ լոռեցիներին: «Եթե մարդը ունի առողջական խնդիր, որին հրատապ բժշկական միջամտություն է պահանջվում, պարզ է , որ բարոյական չէ՝ սպասել մինչեւ մայիսի 6-ը: Ասել՝ ինչ կլինի՝ կլինի, կամ կմեռնես, կամ սաղ կմնաս, մայիսի 6-ից հետո քեզ կօգնենք վիրահատության համար: Մեղադրել կարելի կլիներ այն դեպքում, եթե դա անեին մարդիկ, ովքեր միայն ընտրությունների ժամանակ են ակտիվանում, իսկ Հակոբյանների ընտանիքը միշտ էլ շատ պատրաստակամ է եղել  եւ համոզված եմ, որ անկախ պառլամենտական ընտրությունների արդյունքներից՝ միշտ էլ կշարունակեն իրենց բարի գործը: Եվ դա ոչ մի կապ չունի ՀՀԿ-ի հետ»,- հավելեց Շարմազանովը:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ԲՀԿ-ի կողմից մարզերում ստեղծվող ավտոտրանսպորտային պարկը ինչո՞ւ է շահարկվում իբրեւ ընտրակաշառք, մանավանդ, որ ԲՀԿ-ականներն էլ ասում են, թե դա ընտրությունների հետ կապ չունի եւ անկախ ընտրությունների արդյունքներից իրենք էլ շարունակելու են համալրել մարզերում ավտոտրանսպորտային պարկը: Նաեւ, եթե այդ տեսանկյունից ենք դիտարկում, ԲՀԿ ղեկավարն էլ միշտ բարեգործություններ է արել: Մեր զրուցակիցը հակադարձեց. «Որեւէ մեկը, որպես քաղաքական գործիչ, իրավունք չունի բարեգործություն անել: Իսկ տրակտորի գործով պարոն Օսկանյանին հարցրեք. տրակտորներից ու զենքերից ինքն ավելի լավ է խոսում: Եվ երրորդ՝ մարդու առողջությունն ու տրակտորը չեմ կարծում, որ նույն հարթության վրա են: Մարդու առողջությունն ամենաբարձր արժեքն է»:

Շարմազանովը նաեւ հավաստիացնում է, որ ՀՀԿ-ն միանշանակորեն պահպանելու է ՀՀԿ գործադիր մարմնի հրապարակած կանոնները, համաձայն որոնց, արդար եւ ազատ մրցապայքար, ապա նաեւ ժողովրդավարական ընտրություններ պետք է լինեն:

Իսկ այն, որ ՀՀԿ-ից ամենաշատն են նմանատիպ բողոքներն ու դգոհությունները, Շարմազանովն ըմբռնումով է մոտենում. «Թեթեւ տարեք: Ամենաազդեցիկ ուժը ՀՀԿ-ն է եւ եթե ՀՀԿ-ն պայքարում է հանուն Հայաստանի զարգացման, ապա գրեթե բոլորը պայքարում են ընդդեմ ՀՀԿ-ի: Իսկ եթե ընդդեմ են, բնականաբար, պետք է փորձեն սեւացնել ՀՀԿ-ին: Թույլերը միշտ էլ պայքարում են ուժեղների դեմ, բայց դրանից ոչ ուժեղներն են թուլանում, ոչ էլ թույլերն՝ ուժեղանում»:

Ի դեպ, մայրաքաղաքում նաեւ բաժանում են սկավառակներ՝ ՀՀԿ-ի քարոզարշավին երգող երգիչների երգերով, «Հավատանք, որ փոխենք» մակագրությամբ: Տուփի վրա նշված է, որ սկավառակները լույսընծայվել են ընդամենը 1500 քանակով: Ակնհայտ է, սակայն, որ թիվը բավականին նվազեցված է: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ՀՀԿ-ն փորձում թաքցնել նախընտրական ծախսերը: Շարմազանովը հակադարձեց. «ՀՀԿ-ն շատ հրապարակային է եւ ես չեմ կարծում, որ սխալ տպաքանակ է գրված: Եթե դուք կարող եք ինձ 1501-րդ օրինակը ցույց տալ, ես այդ ժամանակ կհավատամ, որ մեզ մոտ նման խնդիր կա: Եթե մենք ցանկանայինք 5000 հատ տպել՝ 5000 հատ կտպեինք եւ կհրապարակեինք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30