Համոզված է «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը

ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ գուցե իր կրթությունը չի ներում, բայց իր համար անհասկանալի է «Ժառանգության» վարքը՝ միասնական շտաբի հետ կապված: Այս առնչությամբ Խուրշուդյանն առաջին նախագահի համար մանրամասն բացատրեց, թե ինչ են իրենք մտածում. «Այն, ինչ պետք է անի միասնական շտաբը, «Ժառանգությունն» արդեն 5 տարի է՝ անում է: Այդ միասնական շտաբում «Ժառանգությունն» իր հստակ խնդիրները դրել է, թե ինչ պայմաններով կխորացնի համագործակցությունը եւ նրանց հետ կմասնակցի շտաբի աշխատանքներին: Եթե խոսք կա կոնսենսուսի մասին, այսինքն՝ որ այդպես են լուծումներ տրվում, ուրեմն պետք է այդ զիջումն արվեր, մանավանդ, որ ինչ-որ գերբնական բան չէր մեր պահանջը: Այդ ինչո՞ւ ԲՀԿ ղեկավարը կարողանում էր կոալիցիոն հուշագիրը ստորագրել առաջին դեմքով, իսկ այս դեպքում ինքն առաջին դեմքով չի ստորագրում: Ինչո՞ւ «Ժառանգությունը» ոստիկանապետին ուղղված նամակը ստորագրում է, միանում է ՀԱԿ-ին եւ Դաշնակցությանը, իսկ ԲՀԿ-ն նույնիսկ 7-րդ կարգի ներկայացուցչի ստորագրությամբ չի միանում: Ինչպե՞ս ստացվեց, որ դրա արդյունքում ոչ մեկը չմեղադրեց «Բարգավաճին»՝ ՀՀԿ-ի հետ «սիրավեպ» անելու համար, որովհետեւ այսօր կոալիցիայի մեջ են եւ չեն էլ թաքցնում, որ հաջորդ կոալիցիայի մեջ էլ են լինելու: Այսինքն՝ մեր խնդիրը ո՞րն է՝ նպաստել նրան, որ «Բարգավաճը» շարունակի՞ նման գործելաոճը, ընդդիմադիր դաշտ մտնելու իր ճիգերը՝ ընտրություններից առաջ: Իսկ դուք հիշո՞ւմ եք, չէ՞, թե ինչ է գրված եղել կոալիցիոն հուշագրում՝ ընտրություններից առաջ կոալիցիոն գործընկերները չպետք է ավելացնեն իրենց տեղերը միմյանց հաշվին: Եթե միմյանց հաշվին չէ՝ ո՞ւմ հաշվին պետք է ավելացնել՝ ընդդիմությա՞ն հաշվին: Դե, բնականաբար, եթե այդպես պետք է լինի, ուրեմն իրենք «Բարգավաճին» առաջարկել են ընդդիմության դաշտից գնալ եւ այդ ձայները ստանալ: Դրա համար ի՞նչ է պետք՝ ինքը պետք է ներկայանա որպես նոր ընդդիմություն: Դա անընդունելի է, եւ այդ գործընթացի լեգիտիմացումը մեզ համար անընդունելի է»: Մեր հարցին՝ այնուամենայնիվ, ընդունո՞ւմ եք, որ հասարակությունը դրական չի ընկալում «Ժառանգության»՝ միասնական շտաբից դուրս գալը, որակումներ կան, որ ավելորդ ամբիցիաներ եք դրսեւորում՝ նա պատասխանեց, որ դաշտն ապականված է, եւ դրան նպաստում են նաեւ պատվեր կատարող լրատվամիջոցները. «Երբեք այդ ԶԼՄ-ներն այսօր չեն քննադատում այն ուժին, որը հստակ պայմանագրով ասել է, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանին, որին հիմա այդքան ուժգնորեն քննադատում են: Նույնիսկ մեզանից էլ ավելի ուժգնորեն հանկարծ սկսեցին քննադատել ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին, բայց չեն տեսնում, որ այդ պայմանագիրը դեռ գործում է, ոչ ոք չի հրաժարվել դեռ այդ ստորագրությունից, ԲՀԿ-ն չի հրաժարվել, հետ չի կանչել իր ստորագրությունը: Ավելին՝ նրա ղեկավարն ասել է, որ իր ստորագրած ցանկացած փաստաթուղթ արժեք ունի, եւ նա որեւէ բան չի ստորագրում հենց այնպես: Ի՞նչ է դա նշանակում, որ նա ավելի շատ ձայներ է ուզում տանել ընդդիմությունից եւ ավելի շատ ձայներով մտնել պառլամենտ, որ ավելի ուժգնորեն աջակցի Սերժ Սարգսյանին 2013-ին: Եվ ո՞ր ուժերն են օգնում եւ լեգիտիմացնում իր մուտքը դեպի ընդդիմադիր դաշտ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































