Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նշեց, որ այս ընտրություններով որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը: «Այս ընտրությունները տարբերվելու են բոլոր մնացածներից: Սա սովորական ԱԺ ընտրություններ չեն. մայիսի վեցին որոշվելու է հայ ժողովրդի ճակատագիրը: Կամ մենք կործանվում ենք, արտագաղթում ենք, ինչը ուզում է այս իշխանությունը, կամ ինքներս ճակատներս բաց ասում ենք` հերիք է էս մարդասպան, մահասպան գործընթացին»,- Հայ ազգային կոնգրեսի` Վանաձոր այցի ընթացքում դիմելով վանաձորցիներին` ասաց Արամ Մանուկյանը:

Նիկոլ Փաշինյանն էլ իր ելույթում կոչ արեց վանաձորցիներին ոչ մի դեպքում իրենց ձայնը չտալ գործող իշխանությանը: «ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը մարտի մեկի հանցագործության բացահայտման խնդիր է դնում: Մարտի մեկի զոհերին սպանելիս այդ սպանվածների անուն-ազգանունները չեն իմացել: Սա նշանակում է, որ այստեղ ներկա ցանկացած մարդու իրենք պատրաստ են սպանել: Այն ժողովուրդը, որ իրեն սպանողին ձայն կտա, այդ ժողովուրդը իրեն ապագայից է զրկում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարդացեք նաև

Փաշինյանը կոչ արեց վանաձորցիներին իրենց ձայնը տալ ՀԱԿ-ին ու ՀԱԿ-ի թեկնածուներին` խոստանալով հայ քաղաքացուն արժանապատիվ կյանք: «Ընդամենը 30 վայրկյանների ընթացքում կարելի է ազատ, երջանիկ Հայաստանի անկյունաքարը դնել, ստղծել մի իրավիճակ, երբ այդ լֆիները, նեմեցները, ռոբիկները, սերժիկները կանգնեն ժողովրդի առաջ եւ բոլոր արած հանցանքների համար պատասխան տան: Տվեք մեզ այդ լիազորությունը, եւ մենք ձեզ խոստանում ենք վերականգնել արդարությունը, վերականգնել թալանվածը, մենք խոստանում ենք, որ ՀՀ քաղաքացին լինելու է արժանապատիվ, ազատ ու երջանիկ»:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր



















































