Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես Տավուշի մարզպետը թիվ 40 ընտրատարածքը դարձրեց թիվ 42

Մայիս 01,2012 21:16

Թիվ 40 ընտրատարածքի ներկայիս պատգամավոր Միքայել Վարդանյանը

Թիվ 40 ընտրատարծքում պատգամավորության թեկնածու առաջադրված Մարինե Մարաբյանը

Մայիսի 1-ը Նոյեմբերյանում շատ աշխույժ եւ տոնական էր: Քաղաքի Ազատության հրապարակը եւ հարակից զբոսայգին  լեփլեցուն էին: Երեւանից ժամանած ծաղրածուն զվարճացնում էր  նոյեմբերյանցի մանուկներին, երգիչներ Մհերի, Սոնա Շահգելդյանի, Արսեն Գրիգորյանի   եւ հայտնի այլ  երգիչների  մասնակցությամբ կայացավ տոնական համերգ:

Քաղաքի Ազատության հրապարակում հավաքված Նոյեմբերյանի եւ Իջեւանի տարածաշրջանների հարյուրավոր բնակիչներին իր ելույթով զվարճացրեց  նաեւ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ում խոսքը  կերկերուն էր` նման  Տիգրան Սարգսյանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ունեցած, մեծ աղմուկ հանած  ելույթին: Մարզպետը հայտարարեց, որ Նոյեմբերյանում մայիսի 1-ի  տոնական  միջոցառումը կազմակերպվել է Տավուշի մարզի թիվ 42 ընտրատարածքի (իրականում՝ թիվ 40) պատգամավորության թեկնածու Մարինե Մարաբյանի եւ այդ ընտրատարածքից գործող պատգամավոր Միքայել Վարդանյանի կողմից:  Մարզպետ, ՀՀԿ Տավուշի մարզային խորհրդի ղեկավար Արմեն Ղուլարյանն  իր ելույթում  մի տեղ   սխալ նշեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածուի ազգանունը՝ «Մերաբյան»:

Հաղթանակի գյուղապետ Վարդ Խաչատրյանը Միքայել Վարդանյանին հանդիսավոր կերպով հանձնեց Հաղթանակի համայնքի  պատվավոր քաղաքացու  կոչման հավաստագիր: Թիվ 40 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու  Մարինե Մարաբյանն իր ելույթում ասաց, որ  ԱԺ -ում  իր առաջնահերթ  խնդիրը լինելու է   հայրենական արտադրության եւ  գյուղացիության շահերի պաշտպանությունը, որ ինքը  խորհրդարանում հանդես է գալու  այն օրենքների եւ օրենքների նախագծերի  դեմ, որոնք ներմուծողների համար Հայաստանը վերածում են սպառման շուկայի, այդ կերպ կրճատում տեղական աշխատատեղերը: Քաղաքի Ազատության հրապարակում մայիսիմեկյան   տոնական, շքեղ համերգը շարունակվեց մինչեւ ուշ երեկո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031