
«Միավորված հայերից» Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ դեռեւս մեկ տարի առաջ անսալով, որ երկրի նախագահն ու վարչապետը խոստացել են ամեն ինչ անել ազատ ընտրություններ անցկացնելու համար, իրենք մտան ընտրապայքարի մեջ. «Հակառակ դեպքում չէինք մտնի: Միավորված հայերը շարունակելու են միավորել ժողովրդին՝ անկախ այն բանից՝ կանցնե՞ն ԱԺ, թե՞ ոչ»:
«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանում չեն անցել արդար ընտրություններ. «Բրյուսելներում, մոսկվաներում, վաշինգտոններում ասում են, որ ազատ ընտրություններ են անցկացվելու, հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ են ասում իշխանությունները, պատրաստվո՞ւմ են կեղծել, թե՞ չէ: Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք շեշտը դրել են ոչ թե հասարակությանը համոզելու, այլ՝ խաղը գնացել է դրսի ուժերի համար: Հայաստանի համար իրականում ընտրությունները մնում են խնդիր»:
Կոմկուսի ներկայացուցիչ Անդրանիկ Ղուկասյանը փաստեց, որ այս օրերին կուսակցությունների ներկայացուցիչները ցուցակները ձեռքներին բնակարանից բնակարան են անցնում. «Մեկը ասում է 10 հազար, մյուսը մտնում է՝ ասում է ես բարձրացնում եմ 15 հազար»: Հարցին, թե այդ ո՞ր կուսակցությունն է, նա անուններ չնշեց՝ ասելով, որ «Միավորված հայերի» մասին չէ խոսքը: Նա կոչ արեց համերգով քարոզչություն անցկացնողներին՝ «Ինձ թվում է՝ «Եվրատեսիլ» մրցույթը եկել է Հայաստան, վեր կանգնենք այդ համերգային ծրագրերից ու գնան դեպի գաղափարական պայքար»:
Կարդացեք նաև
ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ ընտրողներին հետաքրքրում է, թե որքանով են իրենց տված ձայները արտահայտելու իրականությունը, որքանով՝ կեղծվելու. «ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն միավորվեցին մեկ գաղափարի շուրջ՝ ազատ ընտրություններ անցկացնելու համար: Բայց ընտրողների մի մասը թերահավատորեն է գնում ընտրությունների՝ մտածելով, որ արդեն ամեն ինչ կանխավ որոշված է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































