
Նիստն անցկացնող ԸԸՀ-ի նախագահի տեղակալ Յուրա Բալասանյանի խոսքով` դիմումը ստանալուց հետո հանձնաժողովի անդամների կողմից նշված փաստերի ճշտման կապակցությամբ կատարված ուսումնասիրությունների հիման վրա պարզվել է, որ Ագարակ քաղաքի, Լեհվազ գյուղի մանկապարտեզի նորոգումը, Կարճեւան գյուղի դպրոցի տանիքի նորոգումն իրականացվել են Մեղրի-Ագարակ հիմնադրամի միջոցներով, Վահրավար գյուղի խմելու ջրի վերաբերյալ որեւէ փաստ չի հայտնաբերվել, Կապան քաղաքի վերելակները եւ բակերը նորոգվում են եռակողմ` ԶՊՄԿ-ի, Կապանի քաղաքապետարանի եւ նորոգող կազմակերպության կողմից եւ այլն:
Մի քանի րոպե նիստին ուշացած ներկայացած դիմումատու Դավիթ Մաթեւոսյանը բերեց նոր փաստարկներ` արված լուսանկարների տեսքով, իսկ տեսանյութը դիտելու համար համակարգիչ պահանջած թեկնածուն այդպես էլ հնարավորություն չունեցավ տեսանյութը ներկայացնելու` տեղում համակարգչով ապահովելու հնարավորություն չունենալու պատճառաբանությամբ:
Հանձնաժողովը մերժեց թեկնածուի առաջարկը հետաձգել հանձնաժողովի նիստը մինչեւ վաղը` տեսանյութը դիտելու համար, նշելով, որ ծանրաբեռնված աշխատագրաֆիկ ունեն:
Կարդացեք նաև
Դիմումատուն հանձնաժողովին նաեւ մեղադրեց անգործության եւ խախտումները չնկատելու, չարձանագրելու մեջ: «Հսկողություն իրականացնելը հանձնաժողովի պարտականությունն է: Ես գիտեմ, որ դուք բացասական որոշում եք կայացնելու եւ ես ձեր հանձնաժողովի անգործությունը վիճարկելու եմ դատարանում», – հավելեց Դավիթ Մաթեւոսյանը, որը չսպասեց հանձնաժողովի որոշմանը եւ լքեց նիստը: Հանձնաժողովի նիստին ներկա 6 անդամները միաձայն մերժեցին Դավիթ Մաթեւոսյանի դիմում-բողոքը: «Դիմումում նշված փաստերի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Վահե Հակոբյանի կողմից, նրա անունից, քարոզչության ընթացքում բարեգործություններ չեն իրականացվել եւ չեն իրականացվում: Նշված փաստերը չեն հաստատվել մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի դիմում բողոքը մերժվում է փաստերի հավաստիությունը ապացուցված չլինելու պատճառաբանությամբ», – որոշել է թիվ 38 ԸԸՀ-ն: Նիստին ներկա էր նաեւ միջազգային դիտորդ:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































