Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ դառնալու եւ բուհի մասին:

Իսկ ի՞նչ կարող է տալ ֆրանկոֆոնիան Հայաստանին, որը հոկտեմբերին դառնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիարժեք անդամ:
«Եթե ՄԱԿ-ն ունի շուրջ 190 անդամ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ արդեն 75: Այսինքն՝ Ֆրանկոֆոնիան միջազգային ասպարեզում լուրջ կշիռ եւ դերակատարում ունի: Օրինակ՝ տնտեսական ոլորտում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները ներկայացնում են Համաշխարհային ՀՆԱ-ի 12 եւ միջազգային առեւտրային փոխանակումների 15 տոկոսը: Ի դեպ, ֆրանկոֆոն աշխարհը միավորում է 800 մլն-ից ավելի մարդու, որոնք «կիսում» կամ ներկայացնում են նույն արժեքային համակարգը, այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ մարդու ազատությունը, դեմոկրատիան»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց. «Այնպիսի փոքր երկիրը, ինչպիսին Հայաստանն է, գտնվելով նման միջազգային կառույցում, կարող է օգտվել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում բազմալեզվայնությունից եւ միաժամանակ պահպանել իր ազգային ինքնությունը: Աշխարհագրական առումով մի տեսակ մեկուսացված վիճակում գտնվող Հայաստանի համար նման մեծ քաղաքական կառույցի մասնակցելը նշանակում է բաց լինել աշխարհի համար՝ քաղաքական, տնտեսական փոխանակումներում»:
Կարդացեք նաև
Դառնալով Հայաստանում Ֆրանսիական համալսարանին՝ ռեկտորն ասաց, որ արդեն շուրջ 1000 շրջանավարտ ու գրեթե բոլորի մասին տեղեկություններ ունեն, ինչը կցանկանային ներկայացնել գործարար շրջանակներին:
Ժոել լը Մորզելեկի խոսքով. «Ցանկություն ունենք, որ Ֆրանսիական համալսարանը մաս կազմի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգին եւ ծառայի երկրի տնտեսական կարիքներին ու առաջնահերթություններին: Նաեւ ուզում ենք ապացուցել, որ ֆրանսերենով էլ կարելի է աշխատանք գտնել հայաստանյան պայմաններում ու նպաստել միջազգային փոխանակումներին»:
Տիկինը հայերեն որոշ բառեր է սովորել, բայց շատ տպավորված է «Հայաստան», «հայկական» բառերով, ասում է՝ դրանք ցույց են տալիս ազգային ուժեղ ինքնությունը, ինչ վերաբերում է «բարեւին, դրա հիմքում բարին է»:
Փաստելով, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը միակն է ողջ տարածաշրջանում, ռեկտորը նշեց հայ-ֆրանսիական դարավոր կապերը, ապա ասաց, որ 1995-ին ՀՀ եւ Ֆրանսիայի նախագահները հղացել են գաղափար՝ ստեղծել մի բան, որը կկարողանա ամրապնդել բարեկամությունը. «Նրանք մտածեցին, որ կրթական փոխանակումները եւ կրթական փորձառության տեղայնացումը Հայաստանում, ուսանողների կրթումը կլինի լավագույն ծրագրի ներդրումը Հայաստանում: Արդյունքում՝ 2000-ին արդեն Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ստեղծվեց»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































