
Քոչարյանի ձեւակերպմամբ՝ համացանցային բանավեճային կուլտուրան կամ մարդկանց համոզելն՝ ընտրել այս կամ այն կուսակցությանը, բավականին ցածր մակարդակի վրա էր: Իսկ թե ո՞ր ուժերի ներկայացուցիչներն էին ավելի ակտիվ, պասիվ, գրագետ կամ անհաջող աշխատում, հակաքարոզչություն անում ցանցերում՝ մեր զրուցակիցն ասաց.«Ամենաակտիվը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» էին, բայց վերջին երկուսը հիմնականում եղել են անհատներով ներկայացած, իսկ, օրինակ, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն նաեւ կուսակցության տեսքով էին ներկայանում: ՕԵԿ-ին չեմ նկատել ընդհանրապես, ՀՅԴ-ն առանձին պատգամավորների տեսքով էր ներկա: Բավականին կոռեկտ եղել են ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», մնացածը շատ հաճախ անցնում էին քաղաքակրթության շրջանակները»:
Հարցին՝ արդյոք խորհրդարանական ընտրություններն արտացոլեցի՞ն քաղաքական ուժերի շանսերը նախագահական ընտրությունների ժամանակ, Քոչարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ մարդիկ կարող են մոտավորապես կանխագուշակել, թե ինչ նախնական կապիտալով կարող են մտնել ընտրություններ: Տեսնել կոնկրետ այս արդյունքներով, թե քաղաքական գործիչները ինչքա՞ն ձայն կհավաքեն նախագահական ընտրությունների ժամանակ, դեռեւս շուտ է, որովհետեւ մարդիկ, որոնք քվեարկել են որեւէ կուսակցության օգտին, պարտադիր չէ, որ նախագահականին էլ քվեարկեն նույն կուսակցության առաջնորդի օգտին»:
Մեկնաբանելով Facebook-ում տարածված տեսանյութը, որտեղ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի քարոզարշավի միջոցառման ժամանակ առաջացած պայթյունից տուժած երեխաները քվեարկության օրը փուչիկներով դիմավորում են Վարդան Օսկանյանին՝ Քոչարյանն ասաց. «Շատ նորմալ եմ գնահատում այդ քայլը, որովհետեւ երեխաներն իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել: Կոնկրետ ես շատ բացասաբար եմ վերաբերվում Օսկանյանի Facebook-ում գրածին, դրա փոխարեն ճիշտ կլիներ նա վեր կենար գնար հիվանդանոցներ, տեսնելու, թե ինչ վիճակ է այնտեղ տիրում: Իսկ փուչիկ նվիրելը այդ երեխաների գործն է, ու մեզ մոտ հասարակությունն այնպիսին է, որ յուրաքանչյուրը կարող է իր կարծիքն ու վերաբերմունքը հայտնել այս կամ այն քաղաքական գործչի նկատմամբ: Ինձ համար որպես երեւույթ դա նորմալ էր: Իսկ թե ինչքանով էր դա սիրուն կամ տգեղ, առանձին հարց է»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































