
Միջազգային դիտորդներին, որոնք կուսակցությունների շտաբներում, պատերի տակ, տնետուն անցնող մարդկանց պայուսակներում չեն եղել, որպեսզի տեսնեն` ինչպես է մասսայաբար ընտրակաշառք բաժանվում, որոնք չեն ըմբռնել, թե ինչպես կարող է պաշտոնապես 2,8 մլն բնակչությունից 2,4 մլն-ն ընտրող լինել, բռնություններից զերծ քվեարկությունը թվում է գերժողովրդավարական ու թափանցիկ: Նրանք չեն մտնում մարդկանց սրտերը` հասկանալու` ինչու նրանք չեն ուրախանում, եթե ընտրություններն իսկապես այդքան արդար ու թափանցիկ են եղել, կամ ինչու են շարունակում իրենց խաբված ու ստորացված համարել այնպես, ինչպես ընտրություններից առաջ:
Պե՛տք է արձանագրել ՀՀԿ-ի հաղթանակը, նրանք հենց դա էլ անում են: Հարցն այն է` մենք ինքներս, ներքուստ, անգամ ֆրակ հագնելու եւ սեղանից օգտվելու կանոնները սովորելու պարագայում մեզ քաղաքակրթված համարո՞ւմ ենք, թե՞ ոչ, հավատո՞ւմ ենք ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներին, թե՞ ոչ: Եթե հավատում ենք, ուրեմն մեր գիտակցության սահմանը այնքան է, որքան գծում է միջազգային դիտորդը, ուրեմն մենք արժանի ենք այն իշխանությանը, որին թույլ ենք տալիս գալ մեր քաղաքացիական արժանապատվության, ինքնահարգանքի վրայով: Ուրեմն բողոքելու տեղ չունենք:
«Երկիր»


















































