Նարե Արղամանյանի համար «կանաչ լույս» է վառել ճապոնացի դաշնակահար Միցուկո Ուչիդան

«Առավոտը» դաշնակահարուհու հետ զրույցը սկսեց հետեւյալ հարցով՝ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի պրոֆեսոր Ա. Գուրգենովի դասարանն ավարտելուց հետո ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեց Վիեննայի Երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանում:
«Հարցի ենթատեքստը, այն է՝ ինչո՞ւ չդիմեցի Երեւանի կոնսերվատորիա, հասկացա: Ստացվեց այնպես, որ ճապոնացի աշխարհահռչակ դաշնակահար Միցուկո Ուչիդայի ձեռքն էր ընկել դահլիճից արված երեւանյան մենահամերգիս ձայնագրությունը: Նա հետաքրքրվել էր, գտել ինձ ու 2004-ին հրավիրել Վիեննա՝ այնտեղ ուսումս շարունակելու առաջարկով, ընդ որում՝ իր պրոֆեսորի՝ Հայնց Մեջիմորեի դասարանում»,- հայտնեց Նարեն:
Հավելեց նաեւ, որ ճապոնացի դաշնակահարը մինչ օրս հետաքրքրվում է իր ստեղծագործական ճակատագրով, ուղղորդում է իրեն եւ արդյունքում 2010թ. շարունակում է կատարելագործվել Հանովերում՝ անվանի երաժիշտ Արի Վարդիի մոտ: Դաշնակահարուհին ներկայացրեց 2005թ. սկսած միջազգային հեղինակավոր մրցույթներում (Պոնտոսի, Մոնրեալի, Վիեննայի Յոզեֆ Դիխլերի անվան, Վալենսիայի Ջոզե Ռոքհայի) իր հաղթանակները:
Կատակեցինք, թե 22-ամյա արվեստագետը որոշել է մասնակցել բոլո՞ր հնարավոր եւ անհնար մրցույթներին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Մրցույթը այն միջոցառումն է, ինչի շնորհիվ ոչ միայն հայտնի է դառնում ձեռք բերածդ, այլեւ պարզ է դառնում երաժշտի «թույլ տեղը», որի ուղղությամբ սկսում ես աշխատել»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպիսի՞ն է արեւմուտքի մասնագետների կարծիքը հայկական դաշնամուրային դպրոցի մասին: Նարեն հավաստիացրեց, թե եվրոպացիների կարծիքը ոչ միայն դրական է, այլեւ գործնական՝ ճանաչված դաշնակահարներ վերջին շրջանում վարպետության դասեր են անցկացնում Երեւանի կոնսերվատորիայում: Նա նաեւ կատակեց, թե իրեն էլ դիմում են՝ մեր երկրի մասին տեղեկություններ իմանալու համար:
Որոշել է ընդմի՞շտ ապրել ու ստեղծագործել Եվրոպայում: Այս հարցին դաշնակահարուհին ասաց, որ Եվրոպայում բնակվելն ու ստեղծագործելը մեկ մեծ առավելություն ունի՝ մի երկրից մյուսը գնալ-գալը հեշտ է, թեկուզ հենց ժամանակի առումով: Նշեց նաեւ, որ իրեն հասնում են այնպիսի տեղեկություններ, թե հայաստանցի երաժիշտները միշտ չէ, որ կարողանում են մասնակցել արեւմուտքում կայացող մրցույթներին, վարպետության դասերին, որովհետեւ խնդիրներ են առաջանում՝ կապված դեսպանատների հետ:
Զրույցի ավարտին Նարեն հայտնեց, որ 2012-13թթ. համերգաշրջանում նախատեսված են իր ելույթները ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի նվագախմբերի հետ, ինչպես նաեւ մենահամերգները՝ Բոստոնի, Ֆիլադելֆիայի, Վաշինգտոնի, Նյու Յորքի, Լոնդոնի եւ այլ քաղաքների համերգասրահներում:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































