
Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին հարցրեց՝ իր կարծիքով, ԱԺ ընտրությունները, որոնք կրկնությունն էին Հրազդանի ընտրություններին, հնարավո՞ր է, որ դառնան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների «օրինակելի» տարբերակ: «Դա կախված կլինի մինչեւ այդ ընտրություններն ընկած ժամանակահատվածում տեղի ունենալիք զարգացումներից»,- նկատեց փորձագետը: Իսկ թե ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել՝ քաղաքագետը թվարկեց. «Սկսած զրոյական զարգացումներից, մինչեւ բուռն այնպիսի զարգացումներ, որի արդյունքում մենք կունենանք մարդկանց ահռելի զանգվածով լի հրապարակ: Ես դա ոչ միայն չեմ բացառում, այլեւ դրա ներուժը տեսնում եմ: Բայց դրա համար ահռելի աշխատանք պետք է կատարվի հասարակության կողմից, հասարակության հետ, եւ պետք է այդ հնարավոր զարգացումներին ձեւակերպումներ տրվեն: Այստեղ կարեւոր է բոլորի դերը՝ եւ քաղաքական գործիչների, եւ մամուլի, եւ հասարակության»:
Ռուբեն Մեհրաբյանի դիտարկմամբ, ԱԺ ընտրություններն ավարտվեցին նրանով, որ Հայաստանում այլեւս արտախորհրդարանական ընդդիմություն չկա: «Բայց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կողմից արտախորհրդարանական ընդդիմություն ձեւավորելու հայտ ներկայացվեց, որի մասին նա նաեւ բարձրաձայնեց՝ ասելով, որ ինքը գնում է միանալու փողոցում հավաքվող մարդկանց: Թե դա ի՞նչ դրսեւորումներ կունենա՝ կախված է լինելու հետագա զարգացումներից: Որ դրա պոտենցիալը կա՝ բնական է, որովհետեւ նույնիսկ ՀՀԿ-ն էր իր գլխավոր կարգախոսով փոփոխություններ ուզում: Հիմա հասարակությունը ՀՀԿ-ից կարող է եւ պետք է պահանջի՝ հարգելիներս, հիմա դուք ունեք հասարակության հետ կնքած համաձայնագիր, որով այդ հասարակությունը ձեզ հավատացել է, որ փոխելու եք: Դե, հիմա գնացեք եւ փոխեք: Թե ի՞նչ է պետք փոխել՝ պիտի ցույց տա հասարակությունը: Իսկ հենց մակերեսի վրա փոխելու, աղբանոց նետելու այնքան բան կա»,- ասաց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ, երկրում որեւէ բան փոխելու փոխարեն ՀՀԿ-ն գնում է կոալիցիա ձեւավորելու ճանապարհով,որը ենթադրում է նաեւ պատասխանատվության փոշիացում, լղոզում, ու հանգելու է նրան, որ, այնուամենայնիվ, ոչինչ էլ չի փոխվելու, եւ հասարակությունն էլի կարող է փողոց դուրս գալ:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ


















































