Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսից Երեւանում կգործի հանրային ոստիկանություն

Մայիս 19,2012 21:11

Հունիսից Երեւան քաղաքում կգործի համայնքային ոստիկանություն: Դրա փորձնական ծրագիրը իրականացվել է Արաբկիրում: Հանրային ոստիկանության ներդրումով համայնքի ներկայացուցիչների եւ ոստիկանության միջեւ ավելի սերտ համագործակցություն է հաստատվելու, համատեղ քննարկվելու են ոլորտում առկա խնդիրները, նշվելու են  դրանց լուծման եղանակները, նախատեսվում է հասարակական անվտանգության համար երկկողմանի պատասխանատվություն: Այս մասին մայիսի 19-ին  Իջեւանում  «Ոստիկանության բաց դռների օր» միջոցառման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ազգային պատասխանատու Սուսաննա Նալթակյանը: Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ ոստիկանության եւ «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի հետ:

Իջեւանի վարժարանի եւ ավագ դպրոցի մոտ 30 աշակերտներ ոստիկանության Իջեւանի բաժնում ծանոթացան այդ ծառայության  աշխատանքային առօրյային, նրա կողմից կիրառվող հատուկ միջոցներին, ոստիկանության փորձագետի աշխատանքին, եղան բաժնի հերթապահ մասում, պարեկային եւ ճանապարհային ոստիկանության մեքենաներով շրջեցին Իջեւանում, դասախոսություններ լսեցին կոռուպցիայի, թրաֆիկինգի եւ թմրամոլության վերաբերյալ:

Ոստիկանության եւ հասարակության՝ հատկապես երիտասարդության, միջեւ փոխվստահությունն ու համագործակցությունն ամրապնդելու կարեւորության մասին խոսեցին ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Վլադ Վարդանյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն, «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Տիգրան Երանոսյանը:

Վերջում միջոցառման կազմակերպիչները  դպրոցների ուսուցիչներին եւ աշակերտներին, լրագրողներին, հուշանվերներ հանձնեցին, որոնց վրա մակագրված էր՝ «ոստիկանը իմ պաշտպանն է»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031