
Ծառայության պետն ասաց, որ ոչ թե իրենց, այլ գիտնականների խնդիրն է: Իսկ իրենց գործը վերահսկելն է: Հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ինչպե՞ս են ստուգելու, թե այս կամ այն սնունդը պարունակո՞ւմ է գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ, եթե գիտնականների հետ չեն համագործակցում այդ հարցով: Պարոն Բախչագուլյանն ասաց. «Ներկայումս ուսումնասիրում են, բայց մենք առայժմ վիճակագրություն չունենք: Բացի այդ, պետական վերահսկողությունը սննդում առկա գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների եւ միկրոօրգանիզմների նկատմամբ, օրենքում բացակայում է: Վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ այդ հարցերը քննարկվել են: Սննդամթերքի վրա պետք է մակնշվի, որպեսզի սպառողն իմանա մոդիֆիկացվա՞ծ է, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է հայկական շուկայում հայտնված թուրքական լոլիկին, ծառայության պետը վստահեցրեց, որ այդ լոլիկները ոչ թե թուրքական, այլ՝ հունական են եղել. «Թուրքական ծագման փաստաթղթով ՀՀ սննդամթերք չի ներկրվել: Հայտնաբերման դեպքում տեղում արգելվում է ներկրումը, անցյալ տարի մենք արգելել ենք ծաղկի ներկրումը Թուրքիայից: Պետք է կարողանանք իդենտիֆիկացիա իրականացնել թուրքական արտադրանքի վրա: Բայց քանի որ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ՝ մենք չունենք իդենտիֆիկացիոն խնդիր»:
Սեմինարի ժամանակ հայաստանյան պաշտոնյաները, որոնք պատասխանատու են սննդի անվտանգության համար, Եվրամիության ներկայացուցիչներին վստահեցրին, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր երկրի սննդամթերքի անվտանգության ռազմավարությունը համապատասխանեցնեն Եվրամիության պահանջներին: Նրանց խոսքերով, ռազմավարության նպատակն է նվազագույնի հասցնել Հայաստանի ֆերմերային համայնքի, ինչպես նաեւ ագրոբիզնեսի ներկայացուցիչների վարչական բեռը` թարմացնելով գոյություն ունեցող կանոնակարգերը եւ հրաժարվելով հնացած ստանդարտներից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































