
Ազգայնականության անվան տակ Հայաստանում երեկ մարտնչեց վայրենությունն ու տգիտությունը, որովհետև տեղի ունեցածը դժվար է այլ կերպ գնահատել: Խնդիրը այստեղ ամենևին այլ մշակույթի, այլ կողմնորոշման հանդեպ հանդուրժողական կամ անհանդուրժող վերաբերմունքը չէ: Որևէ մեկը չի կարող մյուսին պարտադրել հանդուրժել այս կամ այն բանը, երևույթը, անձին կամ խմբին, կամ չհանդուրժել: Բայց կան ձևեր, կա չափ, և ամեն ինչ գեղեցիկ է իր ձևի և չափի մեջ, որը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, ինչպես ցանկացած այլ նորմալ պետության պարագայում: Եվ փաստորեն Հայաստանի, այսպես ասած, ազգայնականներից մեկը, ազգային արժեքների համար, այսպես ասած, պայքարող մեկը կարող է հայտարարել՝ «ես թքած ունեմ Սահմանադրության վրա», և դա կարող է ցուցադրվել հեռուստաընկերություններով, ցուցադրվել բոլորին: Ու այդ մարդը կարող է չենթարկվել պատասխանատվության, այլ համարվել, այսպես ասած, ազգային արժեքների, ազգային դիմագծի համար պայքարող, բարոյական, հայրենասեր անձնավորություն:
Մինչդեռ, մարդը, որ կարող է հայտարարել «ես թքած ունեմ Սահմանադրության վրա» պետք է անմիջապես հայտնվի օրենքի առջև, դատարանի առջև, որովհետև այդ Սահմանադրությունն է մեր ազգայինը, այդ Սահմանադրությունն է քաղաքակիրթ աշխարհի մեր դեմքը, մեր պետության հիմքերից մեկը, խորհրդանիշներից մեկը: Եվ ահա թե ինչու երեկ տեղի ունեցածը պարզապես խայտառակություն էր, ու մի կողմ ենք դնում նույնասեռականություն, բազմազանություն, ազգայնականություն և այլն. երեկ Երևանում փողոցում մոլեգնում էին մարդիկ, որոնք թքած ունեն Սահմանադրության, վրա, և նրանց լռելյայն հետևում էին ոստիկաններ, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու, նրա պատվի ու արժանապատվության պաշտպանը: Իսկ Հայաստանի քաղաքացին, նրա պատիվն ու արժանապատվությունը, անկախ նրա սեռից, գույնից, սեռական, կրոնական, ազգային և այլ որևէ պատկանելությունից, հանդիսանում է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ու դրանով է քաղաքացին պատվելի և պաշտպանված, դրանով են պետությունն ու ազգը մրցունակ:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի
Կարդացեք նաև
«Ժամանակ»


















































