
Սակայն մխիթարականն այն է, որ մեր իշխանությունն ու նրա մեջ եղած մարդկանց մեծ մասը արդեն վաղուց իշխանության մեջ են, եւ ոչինչ հավերժական չէ. առկա փողոցային ընդդիմության փոշիացումը հող է նախապատրաստելու նոր մարդկանց եւ նոր ուժերի առաջանալուն, այնպես, ինչպես իշխանության մեջ եղողների մեծ մասը բնականոն ճանապարհով արդեն անցնելու են պատմության գիրկը: Այսինքն կարելի է արձանագրել, որ Հայաստանում ոչինչ հեղափոխական ճանապարհով տեղի չի ունենում, այլ դանդաղ, էվոլյուցիոն, փուլ առ փուլ ճանապարհով: Եթե ավարտվեց մեկ համակարգի ընդդիմությունը, կամաց-կամաց տեղ բացելով նորերի համար, դա դեռ կարող է չգիտակցվել, ապա իշխանությունը եւս, թեկուզ ավագ տարիքի պաշտոնյաների տեղն աստիճանաբար երիտասարդներին զիջելու ճանապարհով նորանալու է, մի քանի տարի հետո առհասարակ գալու են նոր մարդիկ ու քաղաքական ուժեր, որոնց 2012-ի մտածողությունը խորթ ու անհասկանալի է թվալու: Այն, ինչ անլուծելի էր այսօր, մի չորս-հինգ տարի հետո հեշտությամբ եւ առանց պրոբլեմների է լուծվելու, քանի որ մտածողությունն է այլ լինելու, երեսուն-երեսունհինգ տարեկանների բավական կրթված եւ չբարդույթավորված մի շերտ կա, որն, ուզենք թե չուզենք, շուտով թելադրող է դառնալու եւ ձեռնարկելու այսօրվա թնջուկները քանդել: Իսկ այսօր դեռ գուցե արհեստականորեն փորձելու ենք լուծել մի քանի հարց, ու դրանց թվում այն, թե ո՞վ է վերցնելու ընդդիմադիր զանգվածի հարցերին լուծում տալու դրոշը, եւ արդյո՞ք իշխանության ներսում է առաջանալու զանգվածային ընդդիմադիր ուժ:
Հիմա այս ընտրություններում տեղի ունեցավ երկու բան` գնացքը հասավ վերջին կայարան, բայց կիսատ գցված ռելսերով շարժվում է դեպի անհայտություն: Ռելսերը պիտի շարունակենք:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Ազգ»


















































