
Մենք այսօր կոնկրետ ոչ մի նամակ չենք առանձնացնի, պարզապես կփորձենք զրուցել, որի արդյունքում, հուսով եմ, «Մտերմիկ զրույցների» շատ ընթերցողներ կգտնեն իրենց հուզող որոշ հարցերի պատասխանները:
Եվ, որպեսզի մեր զրույցն անմիջական ստացվի, ես կպատմեմ իմ մասին, իմ դպրոցական ընկերների եւ իմ մանկության մասին: Երբ ես դպրոցական էի, իմ համադասարանցիներից մեկը վնասեց մատները, ինչ-որ պայթուցիկ էր գտել դաշտում խաղալիս, քչփորել էր այն, եւ պայթուցիկը պայթել էր՝ մեր համադասարանցուն թողնելով առանց մատների: Նա բավական երկար ժամանակ դասի չէր գալիս, իսկ մենք ամեն օր հերթապահություն էինք սահմանել եւ գնում էինք նրանց տուն եւ միասին դաս էինք սովորում: Հիմա իմ այդ համադասարանցին հայտնի մարդ է, նա հետո գերազանցությամբ ավարտեց համալսարանը եւ այժմ շատ լավ մասնագետ է եւ լավ մարդ:
Մի կարեւոր բան կար այն ժամանակ, որն այսօր, ցավոք, պակասել է, բայց դրա պատճառը ոչ թե ինչ-որ հրեշ է, այլ` մեզնից յուրաքանչյուրը: Խնդրում եմ, ամեն մեկը նայի ինքն իրեն, իր հոգու մեջ փնտրի պատասխանները: Ու երբ բավականաչափ կզննեք ինքներդ ձեզ, կասեք ինձ, թե այսօր քանի մարդ կզոհի իր ժամանակը, ուրիշին, մերձավորին, ընկերոջը, եղբորը, քրոջը օգնելու, մերձավորի կողքին լինելու եւ ընկերոջ հոգսը թեթեւացնելու համար:
Շատ չեք գտնի: Մեզնից շատերն այսօր գերադասում են նստել համակարգչի առաջ եւ տկտկացնել, աշխարհի ու կյանքի մասին պատկերացումներ ստանալ այս անշունչ տուփից` համակարգչից եւ համացանցից, մինչդեռ` հենց ձեր կողքին, գուցե եւ կողքի սենյակում ձեր ընկերը կամ մերձավորը դժվարությունների մեջ է, տխուր է , ջերմության եւ խոսքի կարիք ունի: Իսկ մենակ մարդը ամենից վտանգավոր մարդն է, նա նման է վիրավոր գազանի, եւ մենակությունն է պատճառը, որ դեռահաս աղջիկները կարող են խուլիգանի պես իրար ծեծել եւ հայհոյել, մենակությունն է պատճառը, որ տղաները կարող են լինել սանձարձակ եւ անտանելի, մենակությունն է մարդուն դրդում ոճրագործության եւ սխալի: Ջերմությամբ շրջապատված մարդը , սիրված մարդը՝ միշտ ուժեղ է:
Իմ սիրելի զրուցակիցներ,եթե համամիտ չեք կամ` կիսում ե ք իմ կարծիքը, եւ, եթե ունեք ասելիք, հիշեցնեմ, որ դուք կարող եք ձեր մտորումները ուղարկել մեր կայքի հասցեով, անպայման նշելով` «Մտերմիկ զրույցներին»:


















































