Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը տեղի կունենա «Երաժշտական ճամփորդություն» (Տեսանյութ)

Մայիս 24,2012 14:27 Share

Այսօր «Press Master» մամուլի ակումբում Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան ընդառաջ՝ կոմպոզիտորի անվան տրիոյի մասնակիցներ՝ ջութակահար Կարեն Շահգալդյանը եւ դաշնակահար Արմինե Գրիգորյանը ներկայացրին «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շրջագայություններն ու առաջիկա ծրագրերը:

Արմինե Գրիգորյանը նշեց, որ տրիոն մարտ-ապրիլ ամիսներին համերգներով հանդես է եկել Ռուսաստանի 6 եւ Լատվիայի 2 քաղաքում: «Մարտի 30-ին «Գաֆեսճեան արվեստի կենտրոնում» կկայանա «Երաժշտական ճամփորդություն» խորագրով համերգային-գովազդային ծրագիր, որը էքսպերիմենտալ բնույթ է կրում: Քանի որ առջեւում արձակուրդներ են, կցուցադրվեն տարբեր երկրներից եւ Հայաստանից տեսաշարեր՝ կենդանի կատարմամբ զուգահեռ հնչեցնելով տարբեր կոմպոզիտորների եւ Խաչատրյանի ստեղծագործությունները»,- հայտնեց Արմինե Գրիգորյանը:

Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, տրիոն պատրաստվում է հնչեցնել կոմպոզիտորի ինչպես հանրահայտ, այնպես էլ քիչ կատարված գործերը, իսկ հունիսի 10-13-ը հիմնադրամը համերգներ եւ վարպետության դասեր կանցկացնի Սյունիքում: Ա. Գրիգորյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե մարզերում դասական երաժշտություն չեն լսում. «Մեր գնալուն միշտ սիրով են սպասում, դահլիճները լեփ-լեցուն են լինում: Համագործակցում ենք տեղի երաժշտական դպրոցների եւ ուսումնարանների հետ»:

Կարեն Շահգալդյանը նշեց, որ համերգները բարեգործական են եւ կազմակերպվում են հիմնադրամի ֆոնդը հովանավորողների տրամադրած միջոցներով. «Սերը դասական երաժշտության հանդեպ նման է տիեզերական նավի հանդեպ ունեցած սիրուն. սիրում ես, բայց դա քեզ հասանելի չէ: Ներկայումս տաղանդավոր երեխաներ են սովորում երաժշտական դպրոցներում եւ ուսումնարաններում, սակայն նրանց հետագա զարգացումն էլ պետք է ֆինանսավորել»: Ջութակահարը հավելեց, որ որոշ երկրներում դասական երաժշտությունը, կարելի է ասել, պետքական չէ, սակայն նույնը չենք կարող ասել Հայաստանի պարագայում, սակայն մեզ մոտ էլ մանկավարժ-մասնագետների պակաս կա:

Ա. Գրիգորյանը հավելեց, որ ժամանակին չէր գործում Վանաձորի երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը, մինչդեռ կոնսերվատորիա գալիս էին սովորելու հիմնականում Վանաձորից. «Բայց հիմնադրամի ջանքերով արդեն մեկ տարի է, ինչ բացվել է դասարանը»:

Նշենք նաեւ, որ այս տարի լրանում է «Գայանե» բալետի 70-ամյակը, ինչի առիթով Ա. Խաչատրյանի տուն-թանգարանը նախատեսում է հանդիպումներ կազմակերպել բալետի բեմադրիչների հետ եւ հրատարակել լուսանկարչական ալբոմ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031