Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջիկայում ԲՀԿ-ում պառակտումներ, օբյեկտների կորուստներ չլինեն՝ ուրեմն խաղ է (Տեսանյութ)

Մայիս 24,2012 22:17

«Եթե առաջիկա մի քանի ամիսներին ԲՀԿ-ի հետ ոչ մի լուրջ  բան չպատահի՝ մենք կհասկանանք, թե իրականում ինչ է կատարվում»,- ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելու քայլն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգության» անդամ Ստյոպա Սաֆարյանը: Մենք հետաքրքրվեցինք՝ ի՞նչ պետք է լինի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է կորցնի՞ իր օբյեկտներից մեկը, որպեսզի հասկացվի, պարոն Սաֆարյանը բացատրեց. «Ես ոչ թե ուզում եմ, որ ինչ-որ բան պատահի: Բոլոր նրանք, ովքեր համարձակվել են ընդդիմության հետ լինել, ընդդիմությանը սատարել, այո, կորցրել են սեփականությունից մինչեւ կուսակցության  համար էական, լուրջ մարդկային ռեսուրսներ՝ պառակտումներ են եղել: Իսկ ԲՀԿ-ում մենք գիտենք՝ ավելի քան առկա է մի այնպիսի զանգված, որոնք միշտ ցանկացել են, որ  ԲՀԿ-ն մոտ լինի, ինչպես ընդունված է ասել, կերակրատաշտին: Եթե  ԲՀԿ-ն շարունակի անդորրի մեջ գործել, իհարկե՝ այլ բան չի մնա մեզ, քան ենթադրել, որ գործ ունենք ներքին պայմանավորվածությունների հետ»: Մեր հարցին՝ իսկ եթե դա է՞լ բեմադրվի, պարոն Սաֆարյանը պատասխանեց՝ բեմադրելն ավելի վտանգավոր է. «Դա բեմադրելու դեպքում,  այո, կարող են մի քիչ ընդդիմադիր երանգներ հաղորդել ԲՀԿ-ին, դա էլ չեմ բացառում, բայց, համենայնդեպս, ես խոսում եմ լուրջ կորուստների մասին, ինչն ունեցել են բոլոր ընդդիմադիր գործիչները»:

Ի՞նչ պետք է անի ԲՀԿ-ն, որպեսզի Դուք էլ, ասենք, հավատաք, որ նա ընդդիմություն է. միասնական շտաբ մտավ, ասացիք՝ խաղ է, հիմա կոալիցիայից դուրս եկավ՝ էլի խաղ է: Մեր այս դիտարկմանը պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Միասնական շտաբի հետ կապված՝ շատ ավելի անընդունելի էր այն, որ ԲՀԿ-ն, ճիշտ այնպես, ինչպես ՀՀԿ-ն, բաժանում էր ընտրակաշառքներ, այդ մասին ստացվում էին ահազանգեր, բայց նա առաջարկում էր պայքարել ոչ թե իր ընտրակաշառքների, այլ ՀՀԿ-ի ընտրակաշառքների դեմ: Սա, իհարկե, անազնիվ եւ անընդունելի էր, եւ ստացվում էր, որ այդ առաջարկն ընդունելու դեպքում «Ժառանգությունը» կդառնար ընդամենը այդ անազնիվ եղանակով բերված ձայները պահող մի կազմակերպություն, ինչի ցանկությունը մենք, բնականաբար, չէինք կարող ունենալ»:

Այնուամենայնիվ, ԲՀԿ-ի՝ կոալիցիա չկազմելու հայտարարությունը Ստյոպա Սաֆարյանի համար անակնկալ էր. «Ես ավելի շատ սպասում էի, որ նրանք կմտնեն կոալիցիայի մեջ, կլինեն ֆորմալ կոալիցիայի մեջ, բայց նաեւ չեմ զարմանում, որ «Բարգավաճ Հայաստանն» իրեն վերապահել է մի կարգավիճակ, որից, իմ հիշողությամբ, օգտվում էր 2007-ին «Օրինաց երկիրը»՝ ԱԺ-ում չլինելով կոալիցիայի մեջ, բայց նաեւ չլինելով ընդդիմության հետ: Հետեւաբար, վարքի այս մոդելը ես արդեն տեսել եմ 2007-2008-ին, թե ինչով դա ավարտվեց՝ մենք բոլորս տեսել ենք, այսինքն՝ դա ավարտվեց ՕԵԿ-ի՝ կոալիցիա մտնելով արդեն նախագահական ընտրություններից հետո: Ես հակված եմ մտածել, որ  առաջին հերթին գործ ունենք այս մոդելի հետ: Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հիմնական մտահոգությունները ոչ միայն 2013-ի՝ մինչեւ նախագահական ընտրությունների դաշտում են, այլ նաեւ հետընտրական զարգացումների, որովհետեւ ով՝ ով, բայց  իշխանությունները հրաշալի գիտեն՝ եթե հետընտրական զարգացումներ չեն հաջորդում խորհրդարանական ընտրություններին, ապա դա չի նշանակում, թե դա չի լինելու նախագահական ընտրություններից հետո: Հետեւաբար նրանք  հիմա պիտի շատ լուրջ տեխնոլոգիաներ մշակեն՝ հետընտրական զարգացումները 2013-ին բացառելու համար: Այս կապակցությամբ ԲՀԿ-ն եւ իր ազատ կարգավիճակը կարող են մեծապես օգտակար լինել»:

Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ եթե ձայները ձեռք են բերվել քաղաքական հնարքի միջոցով, իհարկե՝ վաղ թե ուշ այդ ձայները կորցնելու են: Իսկ եթե քո քաղաքական ուղեկիցը միշտ լինելու է նույնը եւ ոչ թե սեզոնային փոփոխություններ կրի, անշուշտ, դու հնարավորություն ունես պահելու քո ընտրազանգվածը. «Բայց ԲՀԿ-ին ձայն տվեց նաեւ մի հատված, որը փոփոխություններ էր ուզում  երկրում: Մի կողմ եմ թողնում՝ արդյոք ԲՀԿ-ն փոփոխություններ բերո՞ղ քաղաքական ուժ է, թե՞ ոչ, բայց այս պահին առավել քան պարզ պետք է լինի, որ ԲՀԿ-ն չի կարող այդ փոփոխությունները բերել,  եթե անգամ ազատ է կամ ընդդիմադիր: Այսպես թե այնպես, ԲՀԿ-ն չի կարող պահել այն ամբողջ ձայները, որոնք նա ձեռք է բերել, որովհետեւ դրա մի հատվածը այն մարդիկ են, ովքեր ավանդաբար, այլ պայմաններում կքվեարկեին  ընդդիմության օգտին, որովհետեւ փոփոխություն բերող ուժը չի կարող լինել կոալիցիայի անդամ: Իսկ հիմա առավել քան  ես կարծում եմ, որ այդ հատվածը չի լինելու ԲՀԿ-ում: Մի բան ակնհայտ է՝ որքան էլ պատկառելի քանակ մնա ԲՀԿ ընտրազանգվածից, միեւնույն է՝ այս ընտրազանգվածի մի հատվածը դեգերումների մեջ է եւ  ուզում է փոփոխություններ: Իսկ այդ փոփոխությունները չի կարող տեսնել մի քաղաքական ուժում, որն այլեւս իշխանության մեջ չէ եւ չի կարող բերել այդ փոփոխությունները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031